Սոնա Հովհաննիսյանն ընտրվել է Կոնսերվատորիայի ռեկտոր

Armenpress 16:58, 14 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր է ընտրվել Սոնա Հովհաննիսյանը, որը մի քանի ամիս կատարում էր ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին  կոնսերվատորիայի հասարակայնության հետ կապերի բաժնից, ռեկտորի ընտրությունը կայացել է մայիսի 14-ին: Այն տևել է մի քանի ժամ:

Ռեկտորի պաշտոնում առաջադրվել էին Սոնա Հովհաննիսյանը և կոնսերվատորիայի նախկին պրոռեկտոր, դաշնակահար Վաղարշակ Հարությունյանը: Հովհաննիսյանը ստացել է 15 ձայն, իսկ Վաղարշակ Հարությունյանը՝ ութ:

Սոնա Հովհաննիսյանը ծնվել է 1963 թվականին Երևանում: Սովորել է Երևանի Եղիշե Չարենցի անվան միջնակարգ և Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցներում:

Հետագայում սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի խմբավարական բաժնում, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարական բաժնում` Ռաֆայել Մանգասարյանի դասարանում:

1984-1989 թվականներին աշխատել է թիվ 118 հանրակրթական դպրոցում, եղել է երգ-երաժշտության ուսուցիչ և խմբավար, միաժամանակ որպես խմբավար աշխատել է քաղաքային պիոներների և դպրոցականների պալատում և մանկական գեղագիտական դաստիարակության կենտրոնում: Ղեկավարել է «Հայրեն» և «Ալելուիա» երգչախմբերը: 1995 թվականից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարական ամբիոնում (2006 թ.՝ դոցենտ, 2016 թ.՝ պրոֆեսոր): 1992 թվականին հիմնադրել և ղեկավարում է «Հովեր» երգչախումբը: Երգչախմբի հետ համերգներով հանդես է եկել Իտալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Անգլիայում, Ռուսաստանում, Սլովենիայում, Լիբանանում, Լեհաստանում, Շվեյցարիայում, ԱՄՆ-ում, Թայվանում, հանդես է եկել մի շարք հեղինակավոր դահլիճներում (Teatro Dal Verme (Իտալիա), Тhéâtre Nanterre-Amandiers, Cité de la Musique, Le Quartz (Ֆրանսիա), Strathmore Hall, Carnegie Hall (ԱՄՆ), Թայվանի ազգային համերգասրահ:

Հովեր պետական կամերային երգչախմբի հետ իրականացրել է մի շարք մեծակտավ վոկալ-խմբերգային ստեղծագործություններ և օպերաներ՝ «Սևիլյան սափրիչ», «Տոսկա», «Մադամ Բատերֆլայ», «Եվգենի Օնեգին»:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am