Մտահոգություն է փոխանցվել սահմանային իրավիճակի վերաբերյալ. Վլադիմիր Կարապետյանը մանրամասներ է ներկայացրել Փաշինյան-Ալիև շփումից

Armenpress 16:48, 14 Մայիս, 2019

ՊԵԿԻՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը մանրամասներ է հաղորդել Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ոչ պաշտոնական շփումից։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Վլադիմիր Կարապետյանը նշել է, որ կողմերը մտքեր են փոխանակել ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

«Ասեմ, որ դա պաշտոնական միջոցառում էր, որը կազմակերպվել էր ի պատիվ Արևելյան գործընկերության երկրների։ Այո, մի սեղանի շուրջ էին գտնվում ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը։ Տեղի է ունեցել կարճ շփում, քննարկել են ստեղծված իրավիճակը շփման գծում։ Այսինքն՝ մտքերի փոխանակում իրավիճակի վերաբերյալ»,- ասաց Վլադիմիր Կարապետյանը։

Հարցին, թե անդրադարձ եղել է սահմանային վերջին դեպքերին, Վլադիմիր Կարապետյանը պատասխանեց, որ մտահոգությունը փոխանցվել է։

Բրյուսելում Արևելյան գործընկերության տասնամյակի առթիվ տրվել է պաշտոնական ընթրիք Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի անունից, որին ներկա է եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am