Երևանում վերելակների սպասարկման վճարը կարող է ավելանալ 20-30 տոկոսով

Armenpress 16:10, 13 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում վերելակների առկա ֆոնդի փոխանակման, բարելավման  ծրագիրն ավարտական փուլում է, և քաղաքապետարանը կառավարություն կդիմի ֆինանսական մոդելի հաստատման նպատակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը՝ հավելելով, որ վերելակների վերանորոգման, վերազինման ֆոնդը ենթադրում է ավելի քան 30 միլիարդ դրամ: «Սա 3600 վերելակի տոտալ փոխարինման ընդհանուր ֆոնդն է, ինչը չունի Երևանի բյուջեն: Մոդելը ենթադրում է վերելակների փոխարինում և վերելակների փոխարինման նպատակով ծախսվող միջոցների փոխհատուցում 20-25 տարիների ընթացքում»,-ասաց նա:

Փոխքաղաքապետի խոսքով`միջին վիճակագրական բնակարանը վերելակների համար ամսական 1600 դրամ է վճարում: «Մենք դիտարկել ենք 1600 դրամը և այն կարող է 20-30 տոկոսով բարձրանալ: Մայրաքաղաքում շահագործվող վերելակների գրեթե 70 տոկոսը ավելի քան 40 տարվա ծառայության ժամկետ են անցել»,-նշեց նա:

Հայկ Սարգսյանն ասաց, որ այսօր արդեն քաղաքապետը հանձնարարական է տվել` վերելակների նախնական պիլոտային փոխարինման համար: 1100 վերելակների տեխնիկական գնահատում է իրականացվել, որոնց թվում 31 վերելակ ենթակա է չշահագործման»,-հավելեց նա:

Անդրադառնալով Աջափնյակ վարչական շրջանում օրեր առաջ վերելակի հետ կապված դեպքին, փոխքաղաքապետն ասաց, որ վերելակի անկում տեղի չի ունեցել: «Վերելակի դռները բացվել են առաջին հարկում, սակայն վերելակի չորս ճոպաններից մեկը պոկվել է և դրա համար կանգառը կտրուկ է տեղի ունեցել»,-պարզաբանեց բանախոսը:

Վերջին վեց տարվա ընթացքում վերելակների վթարների արդյունքում 6 մարդ է զոհվել:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am