Հայկական մշակույթն իր բոլոր երանգներով. Սիրուշոն նոր տեսահոլովակ է նկարահանում

Armenpress 18:42, 8 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաղ առավոտից Երևանի Կոնդ թաղամասը եռուզեռի մեջ է՝ նկարահանվում է փոփ երգչուհի Սիրուշոյի «Զոմա-զոմա» երգի հիման վրա տեսահոլովակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգչուհին տեսահոլովակում ներկայանում է տարբեր կերպարներում՝ խաղում է նարդի, պարում մեքենայի վրա և այլն:

«Ինձ համար անսովոր էր նարդի խաղացող կնոջ կերպարում լինել: Այս անգամ փորձել ենք ընդգծել հայկական կոլորիտը այն կողմից, որին դեռևս չի եղել անդրադարձ: Հիմնականում փորձում եմ ներկայացնել հայկական մշակույթն իր բոլոր երանգներով՝ տարբեր լուծումների միջոցով»,- ասաց Սիրուշոն:

Երգչուհին նշեց, որ տեսահոլովակում տեղ կգտնեն բոլորի մանկությունից հատվածներ՝ բակային տեսարաններ և մի շարք այլ դրվագներ: Նկարահանումների մեծ մասն անց են կացվելու Կոնդում, իսկ մնացած մանրամասները թողնում են, որպեսզի անակնկալ մնա:

«Երգը ձայնագրել եմ արդեն բավականին ժամանակ է և «Արմատ» ծրագրի շրջանակներում ունեցածս հյուրախաղերի ժամանակ տարբեր երկրներում ներկայացրել եմ: «Զոմա-զոմա»-ն այն երգերից է, որ անընդհատ ցանկանում էինք նկարահանել, սակայն չէինք գտնում այն կարևոր մասնիկը, որը պետք էր տեսահոլովակի համար»,- անկեղծացավ Սիրուշոն և ավելացրեց, որ երկար քննարկումներից ու վայրի փնտրտուքներից հետո հասկացել են, որ այն պետք է նկարահանվի հենց Կոնդում:

Եղել են Երևանի տարբեր վայրերում, հայտնվել Կոնդ թաղամասում, սիրահարվել տեղին և որոշել նկարահանումները հենց այստեղ իրականացնել: Արդեն մի քանի օր է, ինչ լինում են թաղամասում, շրջում, ծանոթանում և շփվում կոնդեցիների հետ:

Երգչուհին ավելի վաղ իր «Ինստագրամ»-ի էջում տեղեկացրել էր նաև երկրպագուների հետ հանդիպման մասին: Նկարահանման հրապարակում հավաքվել էին երգչուհուն տեսնել ցանկացողներն, ովքեր ոչ միայն նկարվեցին, ծաղիկներ նվիրեցին Սիրուշոյին, այլև առիթ ունեցան նկարահանվել տեսահոլովակի որոշ դրվագներում:

«Երկրպագուներս շատ էին գրում, որ ցանկություն ունեն ինձ հետ հանդիպել: Հատկապես վերջին օրերին ավելի շատացան նմանատիպ բովանդակությամբ նամակները, ես էլ որոշեցի այստեղ կազմակերպել նրանց հետ հանդիպումը»,- ասաց Սիրուշոն:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am