Շիրակում հարգեցին զոհված ազատամարտիկների հիշատակը

Armenpress 18:34, 8 Մայիս, 2019

ԳՅՈՒՄՐԻ, 8  ՄԱՅԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ : Շիրակի մարզում մեկնարկեցին մայիսյան հաղթանակներին նվիրված միջոցառումները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մայիսի 8-ին՝ Շուշիի ազատագրման օրը, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչները, երկրապահներն ու ազատամարտիկները, ՀՀ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի և Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի գլխավորությամբ այցելեցին «Շիրակ» գերեզմանատան պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու և ծաղիկներ ու ծաղկեպսակներ խոնարհելու հայրենիքի համար կյանքը նվիրած հայորդիների շիրիմներին:

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, շնորհավորելով Արցախյան ազատագրական պատերազմի ընթացքում հայկական ռազմական ուժերի առաջին նշանակալից հաղթանակի օրվա առիթով, նշեց. «Արցախյան ազատամարտը և նրա փառավոր էջերից՝ Շուշիի ազատագրումը մեր ազգի հերոսական էջերից են։ Հայ ժողովուրդն ապացուցեց, որ այս հողի վրա ապրելու, արարելու իրավունք ունի։ Եվ դրա համար մենք պարտավոր ենք օր առաջ ստեղծել այն երկիրը, որի համար և որի մասին երազելով մեր քաջորդիները գնացին կռվի և զոհեցին ամենաթանկը՝ կյանքը»։

Պանթեոնում է հանգչում գյումրեցի 64 ազատամարտիկ: Մյուսները հանգչում են իրենց ընտանեկան գերեզմանատներում: Մարզային եւ քաղաքային իշխանություններից բացի, զինակից ընկերների հիշատակը հարգելու և անցած հերոսական օրերը  վերապրելու համար ազատամարտիկների պանթեոն այցելեցին նաեւ գյումրեցի ազատամարտիկները, զոհվածների հարազատները:  Արցախի ազատագրության համար կյանք են զոհել 154 գյումրեցի:

Արմենուհի Մխոյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am