Լոնդոնում տեղի է ունեցել Կոմիտասի 150-ամյակին և Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառում

Armenpress 16:37, 7 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի Կենսինգտոնի Միացյալ ռեֆորմիստական եկեղեցու սրահում տեղի է ունեցել Կոմիտասի 150-ամյակին և Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որը կազմակերպվել էր «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի կողմից՝ ՄԹ-ում ՀՀ դեսպանության և Հայաստանյայց առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի հովանու ներքո:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՄԹ-ում ՀՀ դեսպանն Արման Կիրակոսյանը, Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը, «Թեքեյան հիմնադրամի» նախագահ Վարդան Ուզունյանը, Հայ առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը: 

Իր խոսքում դեսպան Արման Կիրակոսյանը ներկայացրել է Կոմիտասի ստեղծագործական ուղին՝ նշելով, որ իր ճակատագրով նա խորհրդանշում է մեր ազգի ողբերգությունը Հայոց ցեղասպանության տարիներին: Ներկայացնելով Կոմիտասը դերը՝ որպես հայկական դասական երաժշտության հիմնադիր, ում ստեղծագործություններին անդրադարձ են կատարել հայ երաժիշտների բոլոր հետագա սերունդները, ինչպես նաև բազմաթիվ այլազգի երաժիշտներ, դեսպանն ընդգծել է, որ պատահական չէ, որ Կոմիտասի ծննդյան 150-ամյա հոբելյանն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2018-2019թթ. օրացույցում:

Երեկոյի ընթացքում համերգային ծրագրով հանդես են եկել Լոնդոնի «Կոմիտաս» երգչախումբը, որը դիրիժոր Գրիգոր Նաջարյանի գլխավորությամբ, կատարել է Կոմիտասի ստեղծագործություններից: Առանձին կատարումներով հանդես են եկել նաև սոպրանո Անայիս Հեղոյանը, ջութակահարներ Անի Բատիկյանը և Անժելա Նաջարյանը, դաշնակահարուհի Հաո Ձի Յոհը և այլ երաժիշտներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am