Թրաֆիքինգի զոհ դարձած երեխաներին պետությունը կտրամադրի 250 հազար դրամի միանվագ աջակցություն

Armenpress 12:00, 6 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ընտանեկան բռնության ենթարկված անձանց  պետությունը կտրամադրի 150 հազար դրամի ֆինանսական աջակցություն, թրաֆիքինգի զոհ դարձած երեխաներին` 250 հազար դրամի միանվագ աջակցություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝  ամփոփելով պաշտոնավարման 100 օրը: 

Նրա խոսքով`  «Բռնադատվածների վարկային պարտավորությունները որպես պետական աջակցություն ձևակերպելու մասին» կառավարության որոշմամբ`  303 բռնադատված անձանց և նրանց առաջին հերթի ժառանգներին կներվի արտոնյալ պայմաններով տրամադրված շուրջ 1 միլիարդ 300 միլիոն դրամի վարկեր: «Հաշվետու ժամանակահատվածում հաշմանդամություն ունեցող անձանց բոլոր միջոցների տրամադրումն իրականացվել է հավաստագրերի միջոցով: Հաշվետու ժամանակահատվածում տրամադրվել է 2891 աջակցող սարք»,-նշեց նա:

Հաջորդ կարևոր փոփոխությունն ըստ նախարարի` «Պետական կենսաթոշակների մասին » ՀՀ օրենքում փոփոխություններն են, որոնց արդյունքում 21 հազար շահառուների համար բարձրացվել է նվազագույն կենսաթոշակի չափը՝ դառնալով 25 հազար 500 դրամ:

«Բարձրացվել է նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը, ինչի արդյունքում 63 հազար շահառուներին 2019 թվականի հունվարի մեկից վճարվում է 25 հազար 500 դրամ նպաստ»,-հավելեց Բաթոյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am