Էմիրաթցի գործարարները հետաքրքրված են ՀՀ-ում ներդրումային հնարավորությունների առավել բացահայտմամբ. ԱՄԷ պետնախարար

Armenpress 15:12, 4 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական Միացյալ Էմիրությունների պետնախարար Ահմեդ Ալի Ալ-Սայեղի և ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանի գլխավորությամբ Երևանում կայացած հայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստի ընթացքում ԱՄԷ պետնախարարը, ողջունելով մասնակիցներին, շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և նիստը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Ապա նշել է, որ նիստն արտացոլում է երկկողմ հարաբերությունն ի շահ երկու բարեկամ ժողովուրդների  զարգացնելու երկուստեք ձգտումը՝ հավելելով, որ  նախորդ տարիների ընթացքում ԱՄԷ-ի և ՀՀ-ի միջև երկկողմ հարաբերություններում շոշափելի առաջընթաց է արձանագրվել մի շարք ոլորտներում։ Համատեղ ջանքերի արդյունքում երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելություններ են կազմակերպվել և ստորագրվել են մի շարք կարևոր տնտեսական   համաձայնագրեր, ինչը զգալիորեն նպաստել է երկու երկրների միջև առևտրաշրջանառության, ներդրումների և զբոսաշրջության ամրապնդմանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՄԷ արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարությունից, այս համատեքստում պետնախարարը  հատուկ կարևորել է 2019թ․ հունվարին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ Էմիրություններ այցը և նրա մասնակցությունը Աբու Դաբիի ‹‹Կայունության շաբաթ›› համաժողովին, ինչպես նաև 2017թ․ հուլիսին ԱՄԷ արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Շեյխ Աբդալլահ Բին Զայեդ Ալ Նահյանի Երևան կատարած այցը, որոնք նպաստել են երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը և զարգացմանը։   

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

 Վերահաստատելով երկկողմ տնտեսական հարաբերությունների ռազմավարական նշանակությունը՝ Ալ-Սայեղը նշել է, որ ԱՄԷ-ն համարվում է հայկական արտադրանքի արտահանող 8-րդ  ամենամեծ շուկան և ամբողջ աշխարհով հայկական ներմուծումների 11-րդ աղբյուրը։ Նախարարը հավելել է նաև, որ վերջին տարիներին երկկողմ առևտրաշրջանառությունն արձանագրել է բացառիկ աճ` նշելով, որ 2014-2017թթ․ընկած ժամանակահատվածում տարեկան կուտակային աճի տեմպը կազմել է 14 տոկոս, իսկ 2017թ.-ին առևտրաշրջանառությունը 2016թ-ի համեմատ աճել է 78 տոկոսով։ Այս աճը հանդիսանում է գործադրած ջանքերն ամրապնդելու  և երկու երկրների միջև արտահանումն ու ներմուծումն ավելի խրախուսելու հիմնական խթան։ Երկուստեք հետաքրքրություն ունեցող ապրանքների շարքում առաջնահերթություն են սննդամթերքը, օգտակար հանածոները, հիմնային հանքանյութերը և նավթաքիմիական նյութերը։

Խոսելով ներդրումների մակարդակից՝ պետնախարարն ընդգծել է, որ էմիրաթցի գործարարները հետաքրքրված են Հայաստանում ավելի շատ ներդրումային հնարավորություններ բացահայտելով, հատկապես առևտրի տեսանկյունից հեռանկարային ոլորտներում, ինչը կնպաստի Հայաստանի կառավարության ձգտումների իրականացմանը, այն է․ բազմազանեցնել արտաքին եկամուտի աղբյուրները, էներգիայի աղբյուրները և նվազեցնել դրանց գեներացնելու ծախսերը։ Այս համատեքստում կարևորել է Էմիրաթական կազմակերպությունների համաշխարհային փորձը և առանձնահատուկ մակարդակը էլեկտրաէներգիայի արտադրության, վերականգնվող էներգիայի, հանքագործության և գյուղատնտեսության ոլորտներում, ինչը ամուր հիմք է ներդրող կազմակերպությունների համար և փոխշահավետ երկու երկրների համար։

Անդրադառնալով երկու բարեկամ երկրների ժողովուրդների միջև հարաբերությունների մակարդակին՝ նախարարը մեծապես կարևորել է Հայաստան այցելող Էմիրաթցի զբոսշրջիկների թվի աճի արագ տեմպերը՝ նշելով, որ անցյալ տարի էմիրաթցի զբոսաշրջիկների թիվը հասել է 11,134-ի՝ 2017թ․ 7,705 ցուցանիշի համեմատ։ Ակնկալվում է, որ երկու երկրների միջև տարբեր ոլորտներում զարգացող համագործակցության շնորհիվ էմիրաթցի զբոսաշրջիկների թիվը Հայաստանում կշարունակի աճել առաջիկա տարիներին ևս:

Ողջունելով էմիրաթական պատվիրակությանը՝ ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը կարևորել է միջկառավարական հանձնաժողովների գործունեությունը, որոնք  գործնական հարթակ են՝ բացահայտելու և կանոնավոր հիմքերի վրա դնելու երկկողմ կապերի նոր հնարավորությունները բազմաթիվ ոլորտներում, դյուրացնելու միջպետական համագործակցությունը` նշելով, որ Էմիրությունների հետ Հայաստանի ունեցած ավանդական և ընդգծված ջերմ հարաբերությունների մասին են վկայում երկրների միջև ստորագրված երկու տասնյակից ավելի փաստաթղթերը, բազում բարձրաստիճան փոխայցելությունները, խորհրդակցությունները, գործարար հանդիպումները, փորձագիտական այցերը և այսօր առկա շաբաթական մինչև 13 ավիաչվերթների իրականացումը: Նա նշել է, որ Հայաստանը  դիտարկում է ԱՄԷ-ն` որպես կարևորագույն կամուրջ Հայաստանի և Ծոցի տարածաշրջանի երկրների միջև։ Միևնույն ժամանակ առաջարկել է դիտարկել Հայաստանը Էմիրությունների համար ԵԱՏՄ երկրների շուկա մուտք գործելու առաջնային դարպաս: Նա վստահեցրել է, որ հայ-էմիրաթական առևտրատնտեսական հարաբերությունների ոլորտում մեծ ներուժ կա, որի ի հայտ բերումը նոր հորիզոններ կբացի փոխշահավետ համագործակցության հետագա խթանման համար տնտեսության տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ զբոսաշրջության, առևտրի, ենթակառուցվածքների զարգացման, գյուղմթերքի արտահանման, սննդի անվտանգության և գիտելիքահեն տեխնոլոգիաների ոլորտներում:

Հայ-էմիրաթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի առաջին նիստի շրջանակներում ԱՄԷ պետնախարար Ահմադ Ալի Ալ-Սայեղը և նրա գլխավորած պատվիրակությունը  հանդիպումներ են ունեցել նաև  ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի, ԱԳՆ նախարար Զոհրաբ Մնացականյանի և ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի հետ:

Միջկառավարական համատեղ հանձնաժողովի օրակարգի երկրորդ օրը երեկոյան ԱՄԷ պետնախարարն այցել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն և ծանոթացել կենտրոնի գործունեությանն ու կրթական ծրագրին:

Հայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում ստորագրվել է 2 փոխըմբռնման հուշագիր՝ հայկական պետական «Արմենպրես» լրատվական գործակալության և Էմիրաթական «WAM» լրատվական գործակալության միջև, ինչպես նաև  Աբու Դաբիի համաշխարհային շուկայի և ՀՀ Կենտրոնական բանկի միջև:

Հատկանշական է, որ ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1998թ.-ին: 2012թ.-ին բացվել է Աբու Դաբիում ՀՀ դեսպանատունը, իսկ արդեն 2014թ.-ին ԱՄԷ նախագահ Նորին Մեծություն Շեյխ Խալիֆա Բին Զայեդ Ալ-Նահյանի թիվ 171 հրամանի համաձայն` հիմնադրվել է ԱՄԷ դեսպանատունը ՀՀ-ում:   ՀՀ-ԱՄԷ առևտրաշրջանառությունը 2017թ.-ին կազմել է 249,3 մլն դոլար, իսկ երկու երկրների միջև շաբաթական օդային  չվերթների քանակը հասել է 14-ի, (Ֆլայ Դուբայ -7 չվերթ, ալ-Արաբիա -7 չվերթ): 2017թ.-ին Հայաստան է այցելել 7,705 էմիրաթցի զբոսաշրջիկ, իսկ Հայաստանից Էմիրություններ այցելած զբոսաշրջիկների թիվը հասել է 21,963 -ի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am