Եվրոպայի օրվա տոնակատարությունները Հայաստանում մեկնարկելու են մայիսի 8-ին
ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի օրվա տոնակատարությունները Հայաստանում մեկնարկելու են մայիսի 8-ին և կանցկացվեն մինչև մայիսի 26-ը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունից:
Եվրոպայի օր 2019-ի տոնական միջոցառումները կանցնեն «Ճանապարհ դեպի Եվրոպա» թեմատիկ խորագրի ներքո: Միջոցառումներ կանցկացվեն Հայաստանի 5 քաղաքներում և կամփոփվեն մայրաքաղաք Երևանում: Եվրոպայի օրվա մարզային առաջին բացօթյա տոնակատարությունը տեղի կունենա Կապանում մայիսի 11-ին: Եղեգնաձորը կհյուրընկալի Եվրոպայի օրվա միջոցառումները մայիսի 12-ին, Իջևանը՝ մայիսի 17-ին, Դիլիջանը՝ մայիսի 18-ին, Գյումրին՝ մայիսի 19-ին, իսկ Երևանում տեղի կունենան մայիսի 21-ին դասական համերգ՝ Լյուդվիգ վան Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան, և ամփոփիչ բացօթյա տոնակատարությունը՝ մայիսի 26-ին:
Միջոցառումները ներառելու են բացօթյա տեղեկատվական ցուցահանդեսներ՝ ԵՄ ֆինանսական աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի և դրանց շահառուների մասնակցությամբ, սպորտային և ժամանցային բազմաթիվ մրցույթներ, «Սկանդինավյան քայլք» Երևանում՝ ԵՄ դեսպանի մասնակցությամբ, անվանական նվերներ Եվրոպական միության պատվիրակության կողմից և մեծ բացօթյա համերգներ բոլոր քաղաքներում հայաստանյան և եվրոպական լավագույն արտիստների մասնակցությամբ:
Իրենց մշակութային և ժամանցային միջոցառումներով մայիս ամսվա ընթացքում Պատվիրակությանը միացել են նաև Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետություների դեսպանությունները:
Բոլոր միջոցառումների մանրամասները՝ https://www.facebook.com/eudelegationtoarmenia էջում:
Հանրային միջոցառումների մուտքն ազատ է:
###
*1950թ. մայիսի 9-ին Ռոբերտ Շումանը ներկայացրեց կազմակերպված Եվրոպայի կառուցման իր տեսլականը, որն անհրաժեշտ էր խաղաղ փոխհարաբերությունների և զարգացման համար: Այսօր մայիսի 9-ը վերածվել է Եվրոպայի խորհրդանիշի (Եվրոպայի օր), որը դրոշի, օրհներգի, նշանաբանի և միասնական արժույթի (եվրո) հետ միասին, արտահայտում է Եվրոպական միության քաղաքական ինքնությունը: Եվրոպայի օրը մի շարք միջոցառումների և տոնակատարությունների առիթ է ինչպես իր, այնպես էլ հարևան պետությունների քաղաքացիների համար: