Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում հանդիպում է կայացել Սիրիայի հոգևոր առաջնորդի խորհրդականի հետ

Armenpress 15:49, 2 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում մայիսի 1-ին տեղի է ունեցել  հանդիպում Սիրիայի Արաբական Հանրապետության Մեծ Մուֆթի (հոգևոր առաջնորդ) Ահմադ Բադր ալ-Դին Հասունի (Ahmad Badr Al-Din Hassoun) խորհրդական Բասել Կաս Նասրալլահի (Basel Kas Nasrallah) հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում բարձր է գնահատվել սիրիահայ համայնքի կառուցողական դերակատարությունն ու անգնահատելի ավանդը Սիրիայի շենացման և բարգավաճման գործում: Բասել Կաս Նասրալլահը Հայաստանի Հանրապետության իշխանություններին և ժողովրդին փոխանցել է Սիրիայի Արաբական Հանրապետության Մեծ Մուֆթիի երախտագիտությունն ու շնորհակալական խոսքերը՝ ՀՀ հումանիտար առաքելության խմբի գործունեության կապակցությամբ, միաժամանակ շեշտելով, որ խմբի մարդասիրական աշխատանքները թե առողջապահության, և թե հումանիտար ականազերծման ոլորտներում արժանացել են Սիրիայի ժողովրդի մեծ համակրանքին և բարձր գնահատականին:

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսն իր հերթին նշել է, որ սիրիական ճգնաժամի ողջ ընթացքում Դամասկոսում և Հալեպում գործող Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններն աշխատել են ողջ թափով` Սիրիայի ժողովրդի հետ հավասարաչափ կիսելով պատերազմի ողջ զրկանքներն ու դառնությունները: Հայաստանի կառավարության և ժողովրդի անունից բազում մարդասիրական օգնություններ են ուղարկվել Սիրիայի բարեկամ ժողովրդին` այն դիտարկելով առաջին հերթին որպես բարոյական պարտքի դրսևորում:

Գլխավոր հյուպատոսությունում ՀՀ հումանիտար առաքելության խմբի ներկայացուցիչ Արկադի Տոնոյանը, շնորհակալություն հայտնելով բարձր գնահատականի և վստահության համար, նշել է, որ մեր հայրենակիցների նկատմամբ ցուցաբերված մեծ մարդասիրությունը չի մոռացվել աշխարհասփյուռ հայ ժողովրդի կողմից, և, որ խմբի գործունեությունը Հայաստանի Հանրապետության եղբայրական աջակցությունն է պատերազմական Սիրիային` միտված Սիրիայում բնակվող ժողովրդի հոգսերի թեթևացմանն ու կարիքավոր քաղաքացիներին բժշկական անվճար ծառայությունների մատուցմանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am