«Բարսելոնա»-ն հաղթեց «Լիվերպուլ»-ին ՉԼ կիսաեզրափակիչում. Մեսսիի 600-րդ գոլը

Armenpress 00:58, 2 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում «Բարսելոնա»-ն սեփական դաշտում հյուրընկալեց և 3:0 հաշվով հաղթեց  «Լիվերպուլ»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  մեկնարկային րոպեներին գնդակին ավելի շատ տիրում էին «Լիվերպուլ»-ի ֆուտբոլիստները: Սակայն միմյանց հաջորդող գրոհներից մեկի ընթացքում ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվեց Լուիս Սուարեսը և գրավեց իր նախկին թիմի դարպասը: Անգլիական ակումբը մի քանի հնարավորություն ուներ վերականգնելու հաշվի հավասարությունը:

Երկրորդ կեսում «Լիվերպուլ»-ը հարձակողական ֆուտբոլ էր ցուցադրում, և կատալոնական ակումբը հիմնականում պաշտպանվում էր: Բայց «Բարսելոնա»-ն օգտագործեց իր հնարավորությունը, և արագ հակագրոհը եզրափակեց Լիոնել Մեսսին: Խփած գոլից հետո «կապտանռնագույնները» սկսեցին ավելի սուր, կտրուկ գրոհել: Եվ ահա, ստանդարտ դիրքն իրացրեց Մեսսին, ով անհավանական հարվածով գնդակն ուղարկեց «Լիվերպուլ»-ի դարպասը: Սա Մեսսի 600-րդ գոլն էր «Բարսելոնա»-ի կազմում:

Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 7-ին «Էնֆիլդ» մարզադաշտում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am