1000х90.jpg (78 KB)

Երթ, դասախոսոթյուն, էկումենիկ պատարագ. ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումները ՄԹ-ում և Իռլանդիայում

Armenpress 22:15, 30 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնում, Դուբլինում և Քարդիֆում կայացել են Հայոց եղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառումներ։

Ապրիլի 27-ին Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում բրիտանահայ համայնքը կազմակերպել է ավանդական երթ Լոնդոնի կենտրոնական փողոցներով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

«Բազմամարդ երթի մասնակցիները Հայդ Պարկի անկյունից Պիկադիլի փողոցով ուղևորվեցին դեպի «Ուայթհոլ» կառավարական շրջանում տեղակայված «Փառապանծ զոհերի» հուշարձանը, որտեղ ՄԹ-ում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, Հայաստանյայց առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, Բրիտանահայ համայնքային խորհրդի ատենապետ Արմանդ Աբրահամյանը ծաղկեպսակներ զետեղեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ապրիլի 28-ին Լոնդոնի Սուրբ Եղիշե եկեղեցու սրահում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում, որը կազմակերպվել էր Միացյալ Թագավորությունում Հայ համայնքային խորհրդի կողմից՝ ՄԹ–ում ՀՀ դեսպանության և Հայաստանյայց առաքելական եկեղեցու ՄԹ թեմի հովանավորությամբ։ Միջոցառմանը ներկա էին բրիտանահայ համայնքի կառույցների ներկայացուցիչներ, քաղաքական, հասարակական ու մշակութային գործիչներ:

Երեկոյի ընթացքում ներկաներին ուղղված իր խոսքում ՄԹ-ում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը նշեց, որ իր բազմադարյա պատմության ընթացքում հայ ժողովուրդը ծանրագույն փորձություն և մեծագույն ողբերգություն ապրեց Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, երբ օգտվելով ռազմավարական իրավիճակի պայմաններից և նպատակ ունենալով վերջնականապես լուծել Հայկական հարցը՝ երիտթուրքական կառավարությունը ջարդի և տեղահանության միջոցով գործադրեց մի ողջ ժողովրդի բնաջնջման ծրագիր։

Երեկոյի ընթացքում Եղեռնի և սփյուռքահայության անելիքների մասին դասախոսությամբ հանդես եկավ նաև Ռումինահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը:

Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողություն տեղի ունեցավ նաև Դուբլինում՝ Քրիստոսի եկեղեցու տաճարում, որը կազմակերպել էր Իռլանդիայի հայ համայնքը: Միջոցառման մեկնարկին ընթերցվեց դեսպան Արման Կիրակոսյանի խոսքը:

Երեկոյին ներկա էին դուբլինահայ համայնքի, Իռլանդիայի դիվանագիտական կորպուսի, Իռլանդիայի արտաքին գործերի և առևտրի դեպարտամենտի, տարբեր երկրների, այդ թվում՝ Իռլանդիայի, Հունաստանի, Եթովպիայի եկեղեցիների բազմաթիվ ներկայացուցիչներ: Միջոցառման շրջանակներում նաև տեղի ունեցավ Ցեղասպանության տարելիցին նվիրված լուսանկարների ցուցադրություն:

Ապրիլի 28-ին Ուելսի մայրաքաղաք Քարդիֆի Սուրբ Դեվիդ եկեղեցում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված էկումենիկ աղոթք-պատարագ, որը կատարեցին Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը և Սբ․ Դեվիդ եկեղեցու առաջնորդ Պատրիկ Թոմասը»,- նշված է հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am