Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանի մի շարք քաղաքներում կայացել են Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի հիշատակման արարողություններ

Armenpress 21:06, 30 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ հիշատակման ապրիլի 19-ից մեկնարկած արարողությունները Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ (ՕՌԱ) շրջանում անցկացվել են պետական, շրջանային և քաղաքային մակարդակով։ Այդ տարաբնույթ միջոցառումների շրջանակում կայացել են ցուցահանդեսներ, գիտաժողովներ, հիշատակի արարողություններ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։ «Ապրիլի 24-ին Լիոնի կենտրոնում՝ Անտոնեն Պոնսե հրապարակում տեղադրված Հայերի ցեղասպանության և մարդկության դեմ կատարված հանցագործություններին նվիրված հուշարձանի մոտ, պետական և շրջանային մակարդակով տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություն՝ Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովի, Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի պրեֆեկտի տեղակալ Կարոլին Գադուի (Caroline Gadou), Լիոն մետրոպոլի նախագահ Դավիդ Կիմելֆելդի (David Kimelfeld), Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոնի (Gérard Collomb), Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգման խորհրդի (CCAF-Centre) կենտրոնական շրջանի նախագահ Րաֆֆի Կրիկորյանի (Raffi Krikorian), շրջանի պատգամավորների և սենատորների, Լիոն մետրոպոլի կազմում գտնվող քաղաքների քաղաքապետերի, ՕՌԱ շրջանի հայկական կառույցների ղեկավարների, հայ համայնքի ներկայացուցիչների և այլ պաշտոնյաների մասնակցությամբ: Միջոցառմանը Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի երաժշտական և ասմունքային կատարումներով հանդես եկան հայազգի երեխաներն ու երիտասարդները: Արարողության մեկնարկը տրվել էր Լիոնի Հայ առաքելական Սուրբ Հակոբ եկեղեցում՝ Լիոնի առաքելական, կաթոլիկ և ավետարանչական եկեղեցիների հետ համատեղ, որտեղից հազարավոր մարդիկ, ներառյալ Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսության անձնակազմը, Ֆրանսիացի պաշտոնատար անձինք, հայ համայնքի ներկայացուցիչները քայլեցին դեպի Լիոնի կենտրոնում տեղակայված Ցեղասպանության հուշարձան: Ապրիլի 23-ին Լիոնի Անտոնեն Պոնսե հրապարակից ջահերով երթ է կազմակերպվել դեպի Լիոնում Թուրքիայի գլխավոր հյուպատոսություն:   Ապրիլի 28-ին Լիոնի Ֆուրվիեր Աստվածամոր տաճարում մատուցվել է Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:   Ապրիլի 29-ին Լիոնում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում ֆրանսիացի ցեղասպանագետ Իվ Տերնոնի (Yves Ternon) հետ իր վերջին ՝ «Հայ եղբայրներ, հրեա եղբայրներ, թութսի եղբայրեր, մի կյանքի պայքար» աշխատության շուրջ:   Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ հիշատակման միջոցառումեր են կազմակերպվել Ֆրանսիայի ՕՌԱ շրջանի Վալանս, Բուրգ-լե-Վալանս, Գրենոբլ, Սենթ Էթիեն, Վիեն, Սեն Շամոն, Դեսին, Վիլյորբան, Վո-ան-Վլեն, Մեյզիո և շրջանի մի շարք այլ քաղաքաներում՝ համապատատասխան պետական և քաղաքային իշխանությունների մասնակցությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am