Սիրիայում քրդերն օգտագործում են հայկական գործոնը քարոզչական նպատակով

Armenpress 17:06, 30 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի քրդաբնակ շրջանները փաստացի վերահսկող, ԱՄՆ-ի աջակցությունը վայելող «Սիրիայի ժողովրդավարական ուժերին» (ՍԺՈՒ) պատկանող լրատվամիջոցները ապրիլի 24-25-ին տարածել են տեղեկատվություն, տեսանյութ՝ նշված կառույցի ներսում «Հայկական գումարտակի» ձևավորման մասին (փաստացի ձևավորման ամսաթիվն է ապրիլի 22-ը): Նորաստեղծ միավորը կրում է Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված Կոմունիստական մարքսիստ-լենինյան կուսակցության և դրա զինված թևի հիմնադիրներից Նուբար Օզանյանի անունը, որը զոհվել է 2017թ. Սիրիայի ալ-Ռակկա քաղաքում՝ ԻՊ-ի դեմ պայքարում: Գումարտակի հրամանատարի անունը Մասիս է, իսկ ազգանունը թուրքական, արաբական և քրդական աղբյուրները տարբեր կերպ են նշում՝ Օթանյաֆ, Բուտանիա, Մութանյան:  Այս տեղեկատվության տարածումն ընդգծված քարոզչական նպատակով զուգորդվել է հայկական տարաբնույթ խորհրդանշական տարրերով՝ դրա մասին հայտարարվել է Հայոց ցեղասպանության հերթական տարելիցի օրը, որից մեկ օր անց հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել ալ-Հասակա նահանգի Թել Գորան գյուղի հայկական Մարզիյա եկեղեցում, երգել են «Արդյոք ո՞վքեր են» երգը, կիրառվել են ՀՀ դրոշը, Անդրանիկ Օզանյանի, Մոնթե Մելքոնյանի, Լեոնիդ Ազգալդյանի, Հրանտ Դինքի, Լևոն Էքմեքչյանի, PKK-ի առաջնորդների դիմանկարները և այլն: Հնչել են սիրիահայությանն ընդհանրական առումով վտանգող, տարբեր ուղղություններից թիրախավորող ապակառուցողական ուղերձներ, որպես օրինակ, միավորի ստեղծման նպատակները՝ «Ռոժավան» ԻՊ-ի և թուրքական պետության ֆաշիստական հարձակումներից պաշտպանելու, «Ռոժավայում» հեղափոխությունն ամրապնդելու վերաբերյալ:

Վերոնշյալի համատեքստում հարկ է ամրագրել հետևյալ մի քանի հանգամանքները՝

Նախ և առաջ հարկ է նշել, որ որևէ կերպ խոսք չի կարող լինել առավել ընդգծված ազգային պատկանելություն ցույց տվող և անդամների մեծ թվաքանակ ենթադրող «Հայկական գումարտակ», գունդ, արտահայտությունների մասին, քանի որ նշված արհեստական խմբավորումը հազիվ թե ունենա համայնքային և եկեղեցական որևէ կառույցի աջակցություն։ Այն իրենից ներկայացնում է ընդամենը ՍԺՈՒ-ի կազմում անցած մի քանի տարիների ընթացքում հանդես եկած խիստ սահմանափակ թվով հայերի արհեստական համախմբում 1 միավորի ներքո։ Հաշվի առնելով նշված միավորի ակնհայտ հակահայկական և վտանգավոր բնույթը՝ մեծ հավանականությամբ քրդերը դրա ձևավորմանը հասել են իրենց կողմից վերահսկվող ալ-Հասաքա, ալ-Կամիշլի և Դեյր Զոր շրջաններում ընդհանուր 3000-ից մի քիչ ավել թվով հայ ազգաբնակչության անվտանգության թեման շահարկելու միջոցով։ Նման միավորման միջոցով քրդերը փաստացի երկակի կիրառման քարոզչական խաղաքարտ են ձեռք բերում մի կողմից Բաշար ալ-Ասադի վարչակարգի հետ ընթացող անհարթ սակարկություններում, մյուս կողմից՝ Թուրքիայի ագրեսիվ նկրտումների դեմ հնարավոր դիմակայության համատեքստում։ Այս տեղեկատվությունը, որպես պարարտ հող, Սիրիայում Թուրքիայի հակահայկական ծրագրերի իրականացման համար լայնորեն օգտագործվել է թուրքական բազմաթիվ լրատվամիջոցների կողմից՝ տարաբնույթ հակահայկական հավելումներով՝ ընդհուպ մինչև նշված միավորմանը «ահաբեկչական կառույց» բնորոշելու առումով։ Վերջին շրջանում հայկական թեմատիկայով քրդական քարոզչամեքենայի տարածած ապատեղեկատվությունը պարբերական բնույթ է կրում։ 

Նման նախաձեռնությունները կարող են պատճառ հանդիսանալ հետևյալ խնդիրների՝ 

Դրանք կարող են սեպ խրել նախ և առաջ սիրիահայ համայնքի տարբեր հատվածների միջև, վտանգել նրա անվտանգությունը՝ արհեստականորեն ստվերելով «դրական չեզոքության» դիրքորոշումը, որը սիրիական հակամարտության ողջ ընթացքում փաստացի զերծ է պահել համայնքին ուղղակի թիրախավորումից։ Նպատակ են հետապնդում խնդիրներ հրահրել սիրիահայ համայնքի և Բաշար ալ-Ասադի վարչակարգի միջև առկա բավական բարձր մակարդակի հարաբերություններում։ Նպաստում են թուրքական քարոզչամեքենայի այն թեզին, համաձայն որի՝ հայկական կողմը լայնորեն աջակցում է հակաթուրքական «ահաբեկչական պայքարին»՝ դրանով իսկ ուղղակիորեն թիրախավորելով սիրիահայ համայնքին ԹՀ ԶՈւ-ի կամ թուրքամետ զինված խմբավորումների կողմից։ Հաշվի առնելով Սիրիայում հայկական հումանիտար առաքելության գործունեությունը՝ ստեղծում են արհեստական վտանգ՝ Հայաստանին սիրիական հակամարտության ռազմական բաղադրիչին ուղղակիորեն ներքաշելու առումով։

Արմեն Պետրոսյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am