Հայաստանում հաստատված է քաղաքացու իշխանություն. Փաշինյանը Մաշտոցի պողոտայում մասնակցում է տոնախմբությանը

Armenpress 11:59, 27 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքացին կրկին փակել է Մաշտոցի պողոտան. պողոտան Քաղաքացունն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս գրառմամբ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերով խոսեց օրվա խորհրդի մասին:

«Սա ամենամեծ խորհրդանիշն է այն բանի, որ Հայաստանում հաստատված է քաղաքացու իշխանություն, և սրանից հետո որևէ այլ իշխանություն չի լինելու: Փոխվելու են վարչապետները, փոխվելու են կառավարությունները, Ազգային ժողովները, բայց իշխանությունը չի փոխվելու, որովհետև իշխանությունը քաղաքացուն է»,- ասաց վարչապետը:

Փաշինյանն այս պահին քայլում է Երևանի Մաշտոցի պողոտայով և քաղաքացիների հետ մասնակցում տոնախմբությանը, պարում ու լուսանկարվում ներկաների հետ:

ՀՀ վարչապետը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին՝ ասելով, որ այսօր պատասխանելու է միայն քաղաքացիների հարցերին:

Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանին միացավ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:

Լուսանկարները` Տաթև Դուրյանի



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am