Գլենդեյլում կայացել է Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման միջոցառում

Armenpress 21:56, 26 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գլենդեյլի քաղաքապետարանի կազմակերպմամբ «Ալեքս» թատրոնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման միջոցառում, որի գլխավոր բանախոսը եղել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

«Երեկոյի ընթացքում ելույթ ունեցան նաև ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը, Կալիֆորնիայի նահանգային սենատոր Էնթոնի Փորթանթինոն, Գլենդեյլի քաղաքապետ Արա Նաջարյանը և քաղաքային խորհրդի անդամ Զարեհ Սինանյանը: Միջոցառմանը ներկա էին ամերիկահայ համայնքի կառույցների ներկայացուցիչներ, հայ և ամերիկացի քաղաքական, հասարակական ու մշակութային գործիչներ: Նրանց թվում էր նաև Ռումինիայի խորհրդարանի հայազգի անդամ Վարուժան Ոսկանյանը:

«1915-1923թթ. Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայի կողմից 1,5 մլն հայերի զանգվածային ոչնչացում էր իրենց պատմական հայրենիքում և մի ողջ ժողովրդի վերացնելու ծրագրված ու համակագված քաղաքականություն: Այն 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր: Կասկած չկա, որ միջազգային հանրության հզոր արձագանքը Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությանը կարող էր կանխել վեց միլիոն հրեաների Հոլոքոստը նացիստական ռեժիմի կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ», - իր ելույթում ասաց դեսպան Բայբուրդյանը:

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան պարային և երաժշտական խմբեր»,- նշված է հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am