Վաշինգտոնում կայացել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություն

Armenpress 19:59, 26 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնում ապրիլի 24-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված հիշատակման արարողություն: Տեղի հայ համայնքի ներկայացուցիչները, հայկական կազմակերպություններն ու երիտասարդական կառույցները ցույց են անցկացրել Թուրքիայի դեսպանի առանձնատան առջև, որից հետո ՀՀ դեսպանության բակում տեղադրված խաչքարի մոտ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

«Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի թեմական պատվիրակ Վիգեն արքեպիսկոպոս Հայկազյանը, Վաշինգտոնի Սբ. Մարիամ Աստվածածին ու Սբ. Խաչ եկեղեցիների հոգևոր հովիվներ Հովսեփ քահանա Կարապետյանն ու Սարգիս քահանա Աքթավուքյանը մատուցեցին Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների բարեխոսության կարգ:

Միջոցառմանը ելույթ ունեցան «Վարդանանց ասպետներ» կազմակերպության ներկայացուցիչ Ջեյքոբ Բուրնազյանը, Ամերիկայի հայկական համագումարի Կոնգրեսի հետ կապերի հարցերով տնօրեն Մարիամ Խալոյանը և ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Իր խոսքում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանն անդրադարձավ Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը հակազդելու ու պատմական արդարությունը վերականգնելու անհրաժեշտությանը:

Միջոցառմանը ելույթ ունեցան Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցու «Շնորհալի» ու Սբ. Խաչ եկեղեցու «Համաստեղ» դպրոցների սաները: Միջոցառման ավարտին տեղի ունեցավ ծաղկեպսակների զետեղման արարողություն»,- նշված է հաղորդագրության մեջ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am