Խոսվում է 4-5 տարում 500-1000 աշխատակցի կրճատման մասին. ՀԾԿՀ նախագահը՝ «Գազպրոմ Արմենիա» -ում հնարավոր կրճատումների մասին

Armenpress 19:27, 26 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն անդրադարձել է «Գազպրոմ Արմենիա» -ում աշխատակիցների հնարավոր կրճատումների խնդրին։  «Արմենպրես»-ի փոխանցմամբ`  ապրիլի 26-ին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նա ասել է.

«Աշխատակիցների օպտիմալացման խնդիր կա, իսկ աշխատակիցների աշխատավարձերը գազի սակագնի վրա ազդում են՝ հաշվարկվում են սակագնում։ Այս պահին չգիտեմ, թե որքան աշխատակից կկրճատվի «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում, բայց խոսվում է առաջիկա 4-5 տարվա ընթացքում 500-1000 աշխատակցի կրճատման մասին»:

«Գազպրոմ էքսպորտ» և «Գազպրոմ Արմենիա» ընկերությունների միջև կնքված լրացուցիչ համաձայնագրի համաձայն, որը սահմանում է 2019-ին Հայաստան մատակարարվող գազի սակագինը, Հայաստանի և Վրաստանի սահմանին ռուսական գազի սակագինը 2019-ի հունվարի 1-ից կազմում է 1000 խմ-ն 165 ԱՄՆ դոլար: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հայաստանյան սպառողների համար Ռուսաստանից ներկրվող գազի գնի փոփոխություն չի լինի:

«Ես հեռախոսազրույց եմ ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ հեռախոսազրույցների թեման եղել է Հայաստանին մատակարարվող գազի գինը, և, ըստ էության, կարելի է ասել, որ եկել ենք լուծման` առնվազն առաջիկա տեսանելի ապագայի համար: Կա երկու օղակ գազի մատակարարման մեջ` մեկը «Գազպրոմ» ռուսական ընկերությունն է ու այդ ընկերության կողմից «Գազպրոմ Արմենիա»-ին մատակարարվող գազը, մյուս օղակը` «Գազպրոմ Արմենիա»-ից դեպի մեր հայաստանյան սպառողներ գազի մատակարարումը: Ըստ էության, ստացվել է այնպես, որ «Գազպրոմ Արմենիա»-ն և «Գազպրոմ» ընկերությունները պետք է վերանայեն գազի մատակարարման գինը: Այդ գնի մեջ որոշակի փոփոխություն է տեղի ունենալու, և գնի որոշակի բարձրացում է տեղի ունենալու: Բայց մեր ներքին կարգավորումների շնորհիվ հայաստանյան սպառողների համար գազի գնի փոփոխություն տեղի չի ունենալու: Կֆիքսվի այս վիճակը, որից հետո անհրաժեշտության դեպքում նորից կանդրադառնանք: Գազի գնի թեման միշտ էլ մեր բանակցությունների սեղանին է լինելու: Ամեն դեպքում, մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի սպառողների համար հավելյալ խնդիրներ չստեղծվեն»- ասել էր Նիկոլ Փաշինյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am