Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհուրդը նիստ է գումարել

Armenpress 18:38, 26 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի ապրիլի 26-ին կայացած նիստին մասնակցել են նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Բացման խոսքով հանդես է եկել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նա նշել է, որ քաղաքացիական վերահսկողությունը զինծառայողների իրավունքների պաշտպանության կարևոր երաշխիք է և առանձնացրել է մի շարք խնդիրներ, որոնք առնչվում են ինչպես բանակում կարգապահության ամրապնդմանն ու բողոքարկման մեխանիզմների կատարելագործմանը, այնպես էլ զորակոչիկների և զինծառայողների բժշկական հետազոտության պրակտիկային:

«Զինվորական ծառայության անցնելիս քաղաքացիները պետք է վստահ լինեն, որ իրենց առողջական խնդիրները պատշաճ հետազոտվել են, իսկ անհրաժեշտության դեպքում հասանելի են բողոքարկման բոլոր հնարավորությունները: Մյուս կողմից, պետք է նկատի ունենալ, որ զինվորական կարգապահությունը բանակում իրավունքի գերակայության կարևոր երաշխիք է», - նշել է Արման Թաթոյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, նիստի ընթացքում նաև կարևորվել է զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների բնակարանային ապահովության իրավունքի իրացման հարցը, ինչը վերը նշված խնդիրների հետ մեկտեղ հատուկ ուշադրության է արժանացել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդման մեջ:

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության անհրաժեշտությունը, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ու ՀՀ պաշտպանության նախարարության հետ արդյունավետ համագործակցությունը ոլորտում առկա խնդիրների համատեղ լուծման գործում:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նիստի ընթացքում քննարկված խնդիրները ամփոփել և ներկայացնել պաշտպանության նախարարություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am