1000х90.jpg (78 KB)

Դեսպան Մկրտչյանն Հաապսալու քաղաքում հարգանքի տուրք է մատուցել էստոնացի միսիոներ Հեդվիգ Բյուլի հիշատակին

Armenpress 18:28, 26 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով Էստոնիայում գտնվող ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանն ապրիլի 25-ին այցելել է Հաապսալու քաղաք և հարգանքի տուրք մատուցել էստոնացի միսիոներ Հեդվիգ Բյուլի (Hedwig Büll) հիշատակին, ով իր ողջ կյանքը նվիրել է ցեղասպանությունից փրկված հայ որբերին և այրիներին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

«Հաապսալու քաղաքում գտնվող Հեդվիգ Բյուլի պատվին կանգնեցված խաչքարի մոտ քաղաքապետ Ուրմաս Սուկլեսի և հայ համայնքի ղեկավար Ռազմիկ Իվանյանի գլխավորությամբ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ ծաղիկների զետեղման և խնկարկման արարողություն, ներկաներին ուղղված խոսքով հանդես եկավ Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը։

Դեսպանն իր ելույթում նշեց, որ ամեն տարի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումների շրջանակներում հայ համայնքի ներկայացուցիչներն այցելում են արդեն յուրատեսակ սրբավայր դարձած հուշահամալիր և իրենց երախտագիտությունն արտահայտում հազարավոր հայորդիների կյանքը փրկած մեծ միսիոներին։

Նույն օրը դեսպան Մկրտչյանն այցելեց նաև Հեդվիգ Բյուլի տուն-թանգարան, որտեղ նա ծնվել և ապրել է մինչ Արևմտյան Հայաստան մեկնելը, գրառում կատարեց նրա հիշատակին նվիրված մատյանում․ դեսպանն այցելեց նաև Հաապսալուի «Մանկական խնամքի տուն»՝ Հայաստանի անունից իր հետ տանելով նվերներ էստոնացի երեխաներին։

Հաապսալուի քաղաքապետ Ուրմաս Սուկլեսի և դեսպան Մկրտչյանի միջև տեղի ունեցավ նաև քննարկում, որի ընթացքում ձեռք բերվեց պայմանավորվածություն Հայաստանի քաղաքներից մեկի հետ Հաապսալուի քույրացման հեռանկարը»,- նշված է հաղորդագրության մեջ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am