Ազգային փոքրամասնությունների և կրոնի կրթամշակութային կենտրոնը բաց դաս էր կազմակերպել Չեխովի անվան դպրոցի սաների համար

Armenpress 18:23, 26 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի կրթամշակութային կենտրոնում տեղի ունեցավ «Գիրը և գիրքը մարդու կյանքում» թեմայով հանդիպում դպրոցականների հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի Անտոն Չեխովի անվան թիվ 55 հիմնական դպրոցի 1-8-րդ դասարանների սաների հետ բաց դաս անցկացնելու համար կենտրոնը հրավիրել էր գրող, հրապարակախոս, «Հայաստան» թերթի գլխավոր խմբագիր Տիգրան Նիկողոսյանին:

Նա երեխաներին կոչ արեց ավելի շատ գիրք կարդալ և ավելի քիչ հեռուստացույց դիտել ու բջջային հեռախոսներից օգտվել:

«Ես դպրոցի մարդ եմ, և այսօր սա արդեն իմ երրորդ հանդիպումն է դպրոցում։  Դուք ներկայացնում եք մի դպրոց, որը կրկնակի թանկ է իմ սրտին, քանզի այն կրում է հանճարեղ գրող Անտոն Չեխովի անունը։ Կարծում եմ՝ դուք ինքներդ նույնպես պետք է ծանոթանաք նրա ժառանգության հետ, որը բազում ընթերցասերների համար գրականության ու ընթերցանության նկատմամբ սիրո առաջին քայլն է եղել»,- ասաց նա։    

ՀՀ վարչապետի աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի կրթամշակութային կենտրոնի ծառայության պետ Ավագ Հակոբյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ որոշում է կայացվել հանդիպումներ կազմակերպել Հայաստանի տարբեր դպրոցականների հետ:

«Մեր ծրագրի նպատակն է դպրոցների սաներին ծանոթացնել ազգային փոքրամասնությունների գիր ու գրականությանը: Չեխովի դպրոցն առաջինն ենք ընտրել, հաջորդը լինելու է Ա. Պուշկինի անվան թիվ 8 դպրոցը»,- նշեց Հակոբյանը:

Նրա խոսքով՝ այս ծրագրի շրջանակում մայիսի 8-ին գնալու են Արտաշավան՝ ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի տուն և դպրոց, որտեղ գերազանց սովորող սակայն անապահով ընտանիքի մի երեխայի ամսական 5000 դրամ կրթաթոշակ կհատկացվի:

Չեխովի անվան դպրոցի  7-րդ դասարանի աշակերտ Եգոր Եսայանը շատ կարևորեց նմանատիպ միջոցառումները:

«Մեր սերնդին հարկավոր են այսպիսի միջոցառումներ, քանի որ շատ բան ենք սովորում ու հասկանում բաց դասերի շնորհիվ: Ես շատ եմ սիրում գրքեր, հիմնականում հեքիաթներ եմ սիրում կարդալ, հատկապես Հովհաննես Թումանյանի և Ղազարոս Աղայանի գրած:

Մեկ այլ աշակերտ Տաթևիկ Սանասարյանը շեշտեց, որ ցանկացած հնարավորության դեպքում պետք է գնալ և մասնակցել ուսուցողական միջոցառումների և ծրագրերի:

«Պետք է գնալ տարբեր միջոցառումների, դասեր քաղել այդ ամենից և լսել բոլոր մեզ տրված խորհուրդները: Կարծում եմ, որ գիրք կարդալը շատ կարևոր է հատկապես մեր ինքնակրթման համար»,- ասաց Տաթևիկը:

Նա հավելեց նաև, որ փոքրուց նույնպես հեքիաթներ շատ է սիրել, սակայն այժմ ավելի հետաքրքրված է արկածային գրականությամբ: Հակառակ իր հետաքրքրություններին, նա այս պահին կարդում է Ագաթա Քրիստիի «Չարը արևի տակ» դասական դետեկտիվ վեպը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am