ԱԱԾ սահմանապահ զորքերը մեկ ամսվա ընթացքում կասեցրել են սահմանախախտումների մեծ թվով դեպքեր

Armenpress 18:01, 26 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային անվտանգության սահմանապահ զորքերը վերջին մեկ ամսվա ընթացքում սահմանախախտումների մեծ թվով դեպքեր են կասեցրել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 26-ին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Վաղինակ Սարգսյանը:

«Պարբերաբար լինում են սահմանախախտումների դեպքեր: Հատկապես հիմա` Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված սահմանախախտումները մի քիչ ավելացել են: Վերջին մեկ ամսվա ընթացքում բավական շատ դեպքեր ենք կասեցրել: Այնպես որ, սահմաններն անառիկ են»,- ասաց Սարգսյանը:

Գնդապետը նշեց, որ Հայաստանը պոտենցիալ տարանցիկ երկիր է դիտարկվում Եվրոպա գնալու համար, իսկ սահմանը հիմնական խախտում են Հնդկաստանի, Իրանի ու Բանգլադեշի քաղաքացիները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am