Ոստիկանություն ընդունվողների աճը շարունակվում է. սպայական ուսադիրներ են ստացել հինգ տասնյակ քաղաքացիներ

Armenpress 17:51, 26 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ոստիկանություն ընդունվողների շարունակական աճ է գրանցվում: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, միայն վերջին մի քանի օրերին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամաններով ոստիկանության լեյտենանտի և ավագ լեյտենանտի ուսադիրներ են ստացան հինգ տասնյակ քաղաքացիներ:

Ավանդույթի համաձայն՝ նրանց կոչումները շնորհում էր անձամբ Վալերիյ Օսիպյանը:Նոր ընդունվող ոստիկանության լեյտենանետներն ու համակարգում վերականգնվող ոստիկանության ավագ լեյտենանտները ծառայության կանցնեն ոստիկանության կենտրոնական ապարատի, մարզային և Երևան քաղաքի վարչությունների ենթակա բաժիններում, ճանապարհային ոստիկանությունում և այլ ստորաբաժանումներում:

Վալերիյ Օսիպյանը շնորհավորելով սպայական առաջին ուսադիրներ ստանալու կապակցությամբ՝ հույս հայտնեց, որ նրանք անաչառ, անկաշառ և սրտացավ կծառայեն օրենքին ու ժողովրդին:ՀՀ ոստիկանության պետը հաջողություն մաղթեց ոստիկանության ծառայողներին հանցավորության դեմ պայքարում և հասարակական կարգի ամրապնդման գործում:

Հիշեցնենք, որ սպայական ուսադիրներ ստացած ոստիկանները անցել են քննական ու ստուգողական մի քանի փուլեր: Ծառայության նշանակվելուց հետո նրանք ոստիկանության կրթահամալիրում կանցնեն եռամսյա վերապատրաստման դասընթացներ, ինչից հետո լիիրավ կընդգրկվեն Հայաստանի ոստիկանության մեծ ընտանիքում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am