ՔԿ-ն ավարտել է Կասյան փողոցում խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

Armenpress 17:19, 26 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է Կասյան փողոցում խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի 24-ամյա բնակչին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2018թ. դեկտեմբերի 21-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, 1995 թվականին ծնված երիտասարդը, նպատակ ունենալով պատժել իր վարած մեքենայի  ընթացքը խոչընդոտող միկրոավտոբուսի վարորդին, մոտեցել է երթուղային միկրոավտոբուսին և ոտքով հարվածել միկրոավտոբուսի աջակողմյա դռանը: Այնուհետև հանցավոր գործողությունները ավարտին հասցնելու նպատակով իր մեքենայի սրահից վերցրել Է սառը զենք չհանդիսացող ՊՌ-Տ տեսակի ռետինե մահակը, հարվածել միկրոավտոբուսի դռան կողային ապակուն, որի հետևանքով ապակու բեկորները թափվել են վարորդի վրա՝ վերջինիս պատճառելով միջին ծանրության մարմնական վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 1995թ. ծնված երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am