ԵԿՄ վարչությունն ուղերձ է հղել Քաղաքացու օրվա կապակցությամբ

Armenpress 17:18, 26 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկրապահ կամավորականների միության վարչությունն ուղերձ է հղել քաղաքացու օրվա կապակցությամբ: «Արմենպրես»-ը ներկայացնում է ԵԿմ վարչության ուղերձը.

«Հարգելի′ հայրենակիցներ, 2018թ. ապրիլին մեր երկրում տեղի ունեցան նախադեպը չունեցող իրադարձություններ: Արժանապատվության հստակ գիտակցումով` Հայաստանի Հանրապետության քաղաքացին տեր կանգնեց իր իրավունքներին`եզակի  միասնականություն,  համախմբվածություն և կամք դրսևորելով: Մեր երկրի հազարավոր քաղաքացիներ ստեղծված բազմաթիվ սոցիալ-տնտեսական, իրավական, բարոյական և քաղաքական բնույթի խնդիրների շուտափույթ լուծման անհրաժեշտությունից ելնելով` տարիներ  շարունակ ցույցերով ու երթերով իրենց ոտնահարված պահանջներն էին ներկայացնում իշխանություններին: Եվ միայն 2018-ի ապրիլյան այս օրերին քաղաքացու անկոտրում կամքի շնորհիվ մեր աննահանջ պայքարն իր վերջնական հաղթական ավարտին հասավ: Ոչ բռնի, խաղաղ գործողություններով ուղեկցված բողոքի ցույցերը, հանրահավաքները համակարգային փոփոխությունների, որակական, խորքային բարեփոխումների հանրային պահանջի վկայությունն էին:

Հայրենակիցնե′ր, մենք հպարտությամբ կարող ենք ամրագրել, որ   թավշյա ոչ բռնի հեղափոխությունը մեր նորօրյա պայքարի ամենալուսավոր, ամենափառահեղ էջերից է: Չլիներ հետևողական պայքարով և ժողովրդի համախմբվածությամբ ձեռք բերված հաղթանակը, համընդհանուր անվստահության, արհամարհանքի  ու իրավազրկության մթնոլորտում չէր արժևորվի նաև արցախյան ազատամարտը, չէր լինի նաև ազատամարտիկների վերամիավորումը:

Երկրապահ կամավորականների միությունը շնորհավորում է Նոր Հայաստանի քաղաքացուն` «Քաղաքացու օրվա» կապակցությամբ և կոչ է անում  միասնական  ջանքերով պահպանել համաժողովրդական շարժման արդյունքում մեր ձեռքբերումները, ինչը կամրապնդի մեր պետականությունը և միջազգային ատյաններում կբարձրացնի մեր  երկրի հեղինակությունը»:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am