1000х90.jpg (78 KB)

Գերմանիայի հետ հարաբերություններում մենք առաջնորդվում ենք հուսալիության և արդյունավետության կարգախոսով․ նախարար Սուրեն Պապիկյան

Armenpress 17:06, 26 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը  հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում ԳԴՀ դեսպան Մաթիաս Քիսլերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) Արևելյան Եվրոպայի հարցերով բաժնի ղեկավար Դիրք Շաթշնայդերը, Հայաստանում ԳԴՀ փոխդեսպան Քլաուս Վենդելբերգերը, ԳՄՀԸ (GIZ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Աննե Քեմփան, Վերականգնման վարկերի բանկի (KfW) տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Քլաուս Վայգելը և այլ պաշտոնատար անձինք։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: 

«Հարգելի գործընկերներ, ուրախ եմ հյուրընկալել ձեզ։ Ամուր հենքի վրա կառուցված հայ-գերմանական հարաբերությունները հետհեղափոխական փուլում նոր երանգներ և նոր դրսևորումներ են  ստանում, ինչի վառ վկայությունն է համատեղ իրականացվող ծրագրերի խորացմանը միտված երկուստեք ջանքերի շարունակական գործադրումը»,- ողջունելով հյուրերին՝ ասել է Սուրեն Պապիկյանը։ Նախարարը բարձր է գնահատել համայնքային ենթակառուցվածքների զարգացման, վարչատարածքային բարեփոխումների շրջանակներում տեղական ժողովրդավարական համակարգերի  ու գործընթացների ընդլայնման ուղղությամբ ԳՄՀԸ (GIZ)-ի կողմից Հայաստանին ցուցաբերված օժանդակությունը և ընդգծել, որ կազմակերպության աջակցությամբ համայնքներում հիմնված քաղաքացիների սպասարկման գրասենյակները էապես բարելավել են բնակիչների կողմից վարչական ծառայություններ ստանալու որակական մակարդակը։ Խոսելով տնտեսական հեղափոխության ուղղությամբ կառավարության առաջիկա անելիքների մասին՝ նախարար Պապիկյանը նշել է, որ հայկական կողմի համար խիստ արժեքավոր է ծանոթանալ տնտեսական հաջողությունների գերմանական փորձին, և այս ասպարեզում ակնկալվում է գործընկեր պետության խորհրդատվությունն ու աջակցությունը։

Դեսպան Մաթիաս Քիսլերն իր և պատվիրակության անունից շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նկատել, որ համայնքներում մատուցվող ծառայությունների բարելավման, տեղեկատվական հոսքերի ավտոմատացված կառավարման, քաղաքացիների մասնակցության բարձրացման ուղղությամբ գործընկեր դոնոր կառույցների հետ համատեղ իրականացվող ներկայանալի ծրագրերն իրենց գործնական արդյունավետությամբ հասցրել են դառնալ հայ-գերմանական համագործակցության հաջողված օրինակ։

ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) Արևելյան Եվրոպայի հարցերով բաժնի ղեկավար Դիրք Շաթշնայդերը գոհունակությամբ արձանագրել է, որ ամենատարբեր բնագավառներում շուրջ 900 մլն․ եվրո ծավալով հայ-գերմանական 25-ամյա փոխգործակցությունը ռազմավարական նշանակության ծրագրերի մշակման և հարաբերությունների դինամիկ զարգացման կարևոր պայման է։ Նա նաև հավելել է, որ գերմանական կողմն իր աջակցության զինանոցով պատրաստակամ է օժանդակել Հայաստանում առաջիկայում սպասվող տնտեսական փոփոխություններին ուղղված կառավարության առաջնահերթ հավակնություններին։     

Սուրեն Պապիկյանը, հիրավի պատկառելի համարելով Հայաստանի տնտեսության զարգացման գործում ԳԴՀ դերակատարությունը, փաստել է, որ երկու երկրների միջև առկա համագործակցության ներուժը գործնական նոր ուղղություններ որոնելու և ավելի ամուր կապեր հաստատելու հիմքեր է ստեղծում։ «Մենք հետաքրքրված ենք Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում գերմանական կապիտալի ավելի խորը և համապարփակ ներգրավվածությամբ՝ հարաբերությունների հիմքում դնելով հուսալիության և արդյունավետության սկզբունքը»,- եզրափակել է նախարարը։ 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am