Ռումինիայում տեղի են ունեցել Հայոց Ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ

Armenpress 15:36, 26 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՈՆՊՐԵՍ: Բուխարեստի առաջնորդանիստ Սրբոց Հրեշտակապետաց Մայր Տաճարում ձեռամբ Թեմակալ առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի  ապրիլի 24-ին մատուցվել է Սուրբ Պատարագ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին, որին մասնակցել են Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը, դեսպանության անձնակազմը, Ռումինահայոց միության ներկայացուցիչներ, թեմական ու ծխական խորհուրդների անդամներ, ռումինահայ համայնքի ներկայացուցիչներ, հայ և օտար հավատացյալներ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտությունից, Սուրբ Պատարագի ավարտից հետո արարողության մասնակիցները եկեղեցու բակում գտնվող Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված խաչքարի մոտ զետեղել են ծաղկեպսակներ և խոնարհեցին ծաղիկներ:

Դեսպան Մինասյանն իր ելույթում կարևորել է պետության, եկեղեցու և սփյուռքահայ կառույցների համագործակցաթյունը՝ կոչ անելով համախմբել հայկական ներուժը համահայկական նշանակություն ունեցող այնպիսի հիմնախնդիրների շուրջ, ինչպիսին է Հայոց ցեղասպանության միջազգայնորեն ճանաչումն ու դատապարտումը: Դեսպանը նաև հույս է հայտնել, որ ռումինահայ համայնքն ավելի ակտիվ ներգրավվածություն կունենա Հայոց ցեղասպանության հիշատակման միջոցառումների, ինչպես նաև ազգային ինքնության պահպանման և Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման գործում:

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել նաև Ռումինիայի հայաշատ այլ քաղաքներում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am