Տիգրան Խաչատրյանի կարծիքով՝ ներկրվող ցեմենտի վրա պետտուրք տարածելը շինարարության ինքնարժեքի վրա չի ազդի էականորեն

Armenpress 14:08, 26 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներկրվող ցեմենտի վրա պետտուրքի տարածումը չի կարող էական ազդեցություն ունենալ  շինարարության ընդհանուր ինքնարժեքի և շինարարության աճի միտումների վրա: Շուկայի ընդհանուր վաճառքի զգալի մասը կազմում է Հայաստանում արտադրված ցեմենտը:

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան նման տեսակետ հայտնեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ անդրադառնալով տեսակետներին, թե նախագծի ընդունման պարագայում շինարարությունը Հայաստանում կթանկանա:

«Շուկայում 2018-ին վաճառվել է մոտ 730 հազար տոննա ցեմենտ, որից միայն 180 հազարն է ներկրված: Ընդ որում, այն 180-ից 60-ը որպես կլինկեր էր ներկրվել և այստեղ դրանից ցեմենտ էր արտադրվել: Կարող ենք ասել, որ 2018-ի ընթացքում շուկայի ընդհանուր վաճառքի մոտ 600 հազար տոննան եղել է տեղում արտադրված ցեմենտը՝ տեղական գնով և ընդամենը մոտ 130 հազար տոննան է եղել ներկրված: Եղել են միջնորդ առևտրային կազմակերպությունները, որոնք որոշակի շահույթ են ունեցել՝ տրանսպորտային ծախեր են իրականացրել: Եվ այդ ցեմենտը բնականաբար որոշակիորեն բարձրացված արժեքով է հասել շինարարին: Չափազանցված է այն տեսակետը, թե ներկրվող ցեմենտը կարող է էական ազդեցություն ունենալ շինարարության ընդհանուր ինքնարժեքի վրա»,-ասաց նախարարը:

Նա նշեց, որ կա որոշակի ազդեցություն, սակայն դա չի կարող շինարարության աճի միտումների վրա զգալի ազդեցություն թողնել:

ՀՀ Ազգային ժողովն ապրիլի 19-ին առաջին ընթերցմամբ ընդունել է կառավարության կողմից ներկայացված՝ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքում լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթը, որով ցեմենտի մեկ տոննայի ներկրման համար 22 հազար դրամ տուրք է սահմանվում: ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն դեմ էին քվեարկել նախագծին: ԲՀԿ-ն առաջակում էր կլինկեր վրա ևս պետտուրք սահմանել: Սակայն ավելի ուշ հայտարարեցին, որ մինչ երկրորդ ընթերցումն ընկած ժամանակում չեն մասնակցելու նախագծի վերաբերյալ քննարկումներին: ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը մտավախություն էր հայտնել, որ նախագծի ընդունման, ներկրվող ցեմենտի վրա պետտուրք սահմանելու արդյունքում շինարարությունը Հայաստանում կթանկանա:

Ավելի վաղ ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել և հավանության էր արժանացել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որով նախատեսվում է տեղական արտադրանքը խրախուսելու նպատակով Իրանից ներկրվող ցեմենտի համար սահմանել պետտուրք: Կառավարության ներկայացրած նախագծով և ցեմենտի, և կլինկերի համար առաջարկվել էր տուրքի նույն չափը: Սակայն նախագծի զեկուցող ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել էր, որ եթե պատգամավորները նպատակահարմար գտնեն մեկի վրա տարածել, մյուսի վրա ոչ, կքննարկեն դա առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում: Արդյունքում հանձնաժողովը նախագիծը հավանության էր արժանացրել՝ միայն ցեմենտի վրա տարածելու տարբերակով՝ 1 տարի ժամկետով: Դրանից հետո «ԱրարատՑեմենտ»-ի շատ աշխատակիցները, աշխատանքից ազատման մասին ծանուցագրեր ստանալով, բողոքի ակցիա էին իրականացնում: Գործարանի տնօրինությունը պարզաբանել էր, որ ցեմենտի արտադրման ծախսերը շատ են, ինքնարժեքը բարձր է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am