1000х90.jpg (78 KB)

Վարչապետ Փաշինյանը վերահաստատում է` Հայաստանում բոլորը հավասար են օրենքի առաջ

Armenpress 13:43, 26 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատում է, որ Հայաստանում նույնիսկ իր ընտանիքի անդամներն ու բոլորը հավասար են օրենքի առաջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 26-ին Փաշինյանն ասաց լրագրողների հետ զրույցում, պատասխանելով Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելու ու քրեական գործ հարուցելու մասին հարցերին:

«Որևէ մեկի անմեղության կանխավարկածը պետք չէ խախտել: Եվ երկրորդը` ես բազմիցս եմ ասել, որ նույնիսկ իմ ընտանիքի անդամները, և բոլորը հավասար են օրենքի առաջ: Իրավիճակներին մեր վերաբերմունքը չպետք է լինի ըստ այնմ, թե մենք որևէ մեկի հետ ինչ հարաբերություններ ունենք, պետք է լինի ըստ այնմ, թե ինչ հարաբերություններ դա ունի օրինականության և ճշմարտության հետ»,- ասաց Փաշինյանը:

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը 2019 թվականի ապրիլի 18-ին Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի համաձայնությամբ քննիչի կողմից 18.04.2019թ. որոշում է կայացվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին: Դավիթ Սանասարյանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ Դավիթ Սանասարյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը դադարեցնելու վերաբերյալ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ապահովել Դավիթ Սանասարյանի՝Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին որոշման կատարումը, սակայն չի պատրաստվում պաշտոնանկ անել՝հարգելով անմեղության կանխավարկածը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am