Արցախի պատվիրակությունը Որուգվայում շարունակում է քաղաքական հանդիպումները

Armenpress 13:31, 26 Ապրիլ, 2019
ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոնտեվիդեոյում գտնվող Արցախի Հանրապետության պատվիրակությունը քաղաքական հանդիպումների շարքը լրացրել է 2019 թ. աշնանը կայանալիք Ուրուգվայի նախագահական ընտրություններում առաջադրված իշխող և ընդդիմադիր առաջատար քաղաքական ուժերի թեկնածուների հետ:
 Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից, խորհրդարանում Սենատոր Լուիս Լակաժե Պոի հետ հանդիպման ժամանակ պատվիրակության ղեկավար Մասիս Մայիլյանը ներկայացրել է Արցախում պետականաշինության գործընթացում արձանագրված ձեռքբերումները: Կողմերը քննարկել են Ուրուգվայի և Արցախի միջխորհրդարանական կապերի ստեղծման և խորացման, ինչպես նաև հումանիտար և այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները: Ուրուգվայի մայարաքաղաքի նախկին քաղաքապետ Դանիել Մարտինեսի  խնդրանքով նախարար Մայիլյանը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքականության գերակա ուղղությունները։ Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել Արցախի միջազգային ճանաչման գործընթացին և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ներկա փուլին: Ուրուգվայի արդյունաբերության, էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Կարոլինա Կոսսեի հետ հանդիպմանը, որը տեղի է ունեցել իշխող «Լայն ճակատ» կոալիցիայի կենտրոնական գրասենյանկում, այլ հարցերի շրջանակում մտքեր են փոխանակվել Ուրուգվայում Արցախի մասին իրազեկվածության մակարդակի բարձրացման հնարավորությունների մասին: Անկախ Ուրուգվայում առաջիկա նախագահական ընտրությունների արդյունքներից, կողմերը արժևորել են շփումների շարունակականությունը: 


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am