ՊԵԿ-ը ներդրել է մտավոր սեփականության օբյեկտների պաշտպանությանն ուղղված հսկողության նոր գործիքակազմ

Armenpress 13:01, 26 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՊԵտական եկամուտների կոմիտեն ներդրել է մտավոր սեփականության օբյեկտների պաշտպանությանն ուղղված հսկողության նոր գործիքակազմ, ինչի արդյունքում ավելի է բարձրացել մաքսային մարմինների կողմից կեղծ ապրանքների նկատմամբ հսկողության արդյունավետությունը՝ պաշտպանելով Հայաստանի Հանրապետության՝ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտների մտավոր սեփականության իրավունքներն ու շահերը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2018 թվականի հունիսից ներդրված գործիքակազմն ավտոմատացված ինքնաշխատ սկզբունքով ապահովել է 99 տոկոս արդյունավետություն. թիրախավորվել է մտավոր սեփականության պաշտպանության օբյեկտների 565 ապրանքային հայտարարագիր: Մաքսային մարմինների կողմից որոշում է կայացվել 149 դեպքով մերժել բացթողումը: Այնինչ, 2017 թվականին մերժվել է ընդամենը 7 դեպք: Նոր գործիքակազմի շնորհիվ 20 անգամ բարձրացել է մտավոր սեփականության իրավունքի օբյեկտների ապօրինի օգտագործման դեմ ուղղված միջոցառումների արդյունավետությունը և թիրախավորման ճշգրտությունը:

Ազատ առևտրում ազնիվ մրցակցության խթանման և մտավոր սեփականության իրավունքի լիարժեք պաշտպանության նպատակով ՊԵԿ-ը իրավատերերին հորդորում է գրանցել մտավոր սեփականության օբյեկտները: Օրենսդրությամբ սահմանված կարգով իրավատերը պետք է դիմում ներկայացնի Պետական եկամուտների կոմիտե՝ մտավոր սեփականության օբյեկտի գրանցման և ցանկացած մաքսային ընթացակարգով այդ ապրանքների բացթողումը կասեցնելու խնդրանքով: 

ՊԵԿ մտավոր սեփականության օբյեկտների պաշտպանությանն ուղղված ավտոմատացված հսկողության մոդելն օրինակելի է ԵԱՏՄ երկրների համար: Հայ մասնագետների նորարական մոտեցումները նման բարձր գնահատականի են արժանացել Մոսկվայում՝ «Антиконтрафакт–2018» 6-րդ միջազգային համաժողովում: Առաջարկվել է փորձը կիրառել նաև ԵԱՏՄ անդամ պետություններում, ինչը հավանության է արժանացել մասնակիցների կողմից:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am