Ոլորտային ներկայացուցիչները կարևորում են Հայաստանում մտավոր սեփականության պաշտպանությունը բոլոր բնագավառներում

Armenpress 13:00, 26 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մտավոր սեփականության պաշտպանության համար դեռ որոշակի խոչընդոտներ կան, մասնավորապես դեռ լավ զարգացած չէ օրենսդրությունը: Ոլորտների ներկայացուցիչները կարևորում են հեղինակային, մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությունը տարբեր ոլորտներում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրանք նման տեսակետ հայտնեցին Մտավոր սեփականության միջազգային օրվան նվիրված «Մտավոր սեփականության ոլորտի կարևորությունը երկրի տնտեսությունում հեղափոխություն կատարելու գործում» թեմայով կոնֆերանսում։

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

«Վստահ եմ, որ հեղափոխությունից հետո ստեղծագործ հայ ազգի զավակներն այլևս չեն մտածում երկիրը լքելու և իրենց ստեղծագործ միտքն այլ ազգերի շահերին ծառայեցնելու մասին: Մնում է միայն վերացնել առկա խոչընդոտները, որ ստեղծագործ հայ համայնքը մեր երկիրը շենացնի: Այսօր տեսնում ենք, որ այդ քայլերն արդեն իրականացվում են: Մասնավորապես արդեն չեմ կարողանում մտաբերել, թե այս տարվա նախորդ մի քանի ամիսներին քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները քանի անգամ են հանդիպել և մտավոր սեփականության համայնքի ներկայացուցիչների հետ քննարկումներ ունեցել մտավոր սեփականության իրավունքին առնչվող հարցեր»,-ասաց «Մտավոր սեփականության իրավունքի կենտրոն»-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սարգիս Կնյազյանը:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը հատկապես նշեց մտավոր սեփականության կարևորությունը տեխնոլոգիական ոլորտում: «Լինելով ստեղծագործ մենք միշտ կարիք ենք ունենալու դա պաշտպանել և խոսել աշխարհի հետ համահունչ, նույն ստանդարտ լեզվով, և այդ լեզվով խոսելիս ունենալ մեր ստեղծագործությունները պահպանելու հստակ մեխանիզմներ: Ցավոք, Հայաստանի օրենսդրությունն այս պահին շատ զարգացած չէ այդ առումով»,-ասաց նա ու հավելեց՝ նշեց այդ ուղղությամբ ԱԺ պատգամավորների՝  նախարարության հետ համագործակցելու պատրաստակամության մասին:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը խոսեց խնդրահարույց կետի մասին: Նա նկատեց՝ բոլորը գիտեն, որ ծրագրային ապահովման ոչ լիցենզիոն օգտագործումը համատարած բնույթ է կրում, սակայն դրանից անհարմարություն չեն զգում: Պատգամավորը նշեց՝ ինքը ևս նման բան արել է, սակայն ինչ-որ պահի դրա մասին մտածել է և հասկացել, որ խանութից ինչ-որ բան ուղղակի վերցնելն ու ծրագիր վերցնելը՝ դրա համար չվճարելով, նույն երևույթն են:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Ավագ Ավանեսյանը նշեց, որ Հայաստանում գործող 900 սննդի օբյեկտներից միայն մոտ 41-ն է հեղինակային իրավունքի վճար վճարում: Վճարը կազմում է տարեկան միջինում 45-50 հազար դրամ: «Սա լրջագույն խնդրի մասին է խոսում: Սա նշանակում է, որ պետությունը, մասնավոր համայնքն ու ստեղծարար համայնքը պետք է միասին աշխատեն՝ կառուցելով այնպիսի մտավոր սեփականության պաշտպանության համակարգ, որ ապագայում կնպաստի ստեղծարար մտքի զարգացմանն ու պաշտպանությանը»,-եզրափակեց փոխնախարարը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am