Նյու Դելիում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության թեմայով համաժողով

Armenpress 09:49, 26 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի առաջատար Ջավահառլալ Ներուի անվան համալսարանում ապրիլի 24-ին  տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության թեմայով համաժողով, որը կրում էր «Հիշողության քաղաքականությունը Հայաստանում» խորագիրը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, համաժողովին մասնակցում էին Ներուի անվան համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության, Դելիի մտավորականության, տեղի հայ համայնքի, ինչպես նաև Հնդկաստանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչներ։

Համաժողովը բացեց և Հայոց ցեղասպանության թեմայով ելույթ ունեցավ համալսարանի ռեկտոր պարոն Չինթամանի Մահապատրան։ Այնուհետև ելույթով հանդես եկավ Հնդկաստանում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանը։ Վերջինս ներկայացրեց Հայոց ցեղասպանության հիմնահարցի պատմական և աշխարհաքաղաքական ասպեկտները, ինչպես նաև՝ ցեղասպանության հետևանքների հաղթահարման Հայաստանի մոտեցումները։

Ելույթներ ունեցան նաև Ներուի անվան համալսարանի Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի հետազոտությունների կենտրոնի ղեկավար պրոֆեսոր Փուլ Բադանը, պրոֆեսոր Ամիթաբ Սինգհը, ով վերջերս այցելել էր Հայաստան և դասախոսությամբ հանդես եկել Երևանի պետական համալսարանում և Հայաստանի դիվանագիտական ակադեմիայում, գրող-հրապարակախոս Սուման Քեշարին, Հայկական մշակութային կենտրոնի ղեկավար Գայանե Մովսիսյանը, «BBC - Հնդկաստան» լրատվամիջոցի լրագրող Սատիշ Ջակոբը, ճանաչված «Hans» հինդի գրական ամսագրի խմբագիր Սանջայ Սահայը և այլոք։

Միջոցառման ավարտին տեղի ունեցավ մոմավառություն՝ նվիրված Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am