Կաթնամթերքի արտադրության շուկան պետության աջակցության կարիքն ունի. Արցախի պետնախարարն ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել

Armenpress 09:42, 26 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն ապրիլի 25-ին գյուղատնտեսության նախարարությունում կաթնամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչների և ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ ընդլայնված կազմով  աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Կաթի շուկայում առկա իրավիճակի վերաբերյալ զեկուցմամբ հանդես է եկել գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, որը  մանրամասն ներկայացրել է հանրապետությունում արտադրվող կաթի ծավալների,  դրանց նկատմամբ վերահսկողական մեխանիզմների, ինչպես նաև մթերման և սպառման վերաբերյալ համապարփակ տեղեկություններ: Նախարարի խոսքով՝  օրակարգային հիմնական խնդիրը շարունակում է մնալ իրացման հարցը, որի կարգավորումը պահանջում է  նաև օրենսդրական և ենթաօրենսդրական լուծումներ:

Այնուհետև Գրիգորի Մարտիրոսյանը կաթնամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչներից, ինչպես նաև շրջանների ղեկավարներից  հետաքրքրվել է  ոլորտում առկա հիմնական խնդիրների մասին: «Անասնապահության զարգացումը և դրանից բխող կաթի արտադրության և վերամշակման ճյուղը զարգացման մեծ հեռանկարներ ունի մեր հանրապետությունում,  որը պետական լուրջ աջակցություն է պահանջում: Այդ իսկ պատճառով կցանկանայի լսել ոլորտում առկա խնդիրների լուծման  վերաբերյալ   ձեր առաջարկները, որոնք կառավարության կողմից առավել մեծ ուշադրություն են պահանջում», - ասել է ԳրիգորիՄարտիրոսյանը:

Խորհրդակցությանը  ոլորտում իրականացվող վերահսկողական գործառույթների վերաբերյալ  զեկուցմամբ հանդես է եկել գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արթուր Ներսիսյանը,  նշելով, որ կաթի արտադրման և մթերման շուկան   մշտապես ենթարկվում է մանրէաբանական և փորձագիտական լաբորատոր ստուգումների, որից հետո միայն թույլատրվում են  դրանց իրացումն ու  վաճառքը:

Ամփոփելով մասնակիցների զեկույցները՝ պետական նախարարը առանձնացրել է այն հիմնական ուղղությունները, որոնց շուրջ պետք է աշխատանքներ տանեն շահագրգիռ բոլոր սուբյեկտները: Դրանք մասնավորապես կապված են կաթի ինքնարժեքի նվազեցման քաղաքականության հետ, որը անմիջականորեն անդրադառնալու է վերամշակող ընկերությունների արտադրանքի  վրա,   ինչպես նաև որակի և սպառողական շուկայի  վաճառքի նկատմամբ  վերահսկողության խիստ  բարձրացման հետ:

 

Խորհրդակցության ավարտին՝ պետական նախարարը գյուղատնտեսության նախարարությանը հանձնարարել է  կազմել գործողությունների պլան, որտեղ ամփոփված կլինեն այն բոլոր խնդիրներն ու առաջարկները, որոնք արծարծվել են հանդիպման ընթացքում: Խորհրդակցությանը մասնակցում էր նաև «Գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ»- ի տնօրեն Տիգրան Ծատրյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am