Կփորձենք արդարացնել ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հույսերը. Զախարովա

Armenpress 21:05, 25 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի միջև նախօրեին կայացած բանակցություններին, որոնց ընթացքում քննարկվել է նաև ԼՂ հակամարտության կարգավորման հարցը:

«Մենք կփորձենք արդարացնել պարոն Գրեմինգերի հույսերն այդ հարցում», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողի հարցին պատասխանել է Զախարովան՝ նկատի ունենալով Գրեմինգերի այն արտահայտությունը, որ Ռուսաստանը կօգտագործի իր ազդեցությունը ԼՂ հակամարտության կարգավորման համար, որպեսզի մոտեցնի խաղաղության հաստատման օրը:

Մարիա Զախարովան նշել է նաև, որ մանրամասն տեղեկություններ չունի՝ արդյոք Լավրովն ու Գրեմինգերը պայմանավորվել են աջակցել մարդասիրական միջոցառումներին, որոնց իրականացման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել հակամարտության կողմերը Վիեննայում կայացած հանդիպման ժամանակ:

Նախօրեին Սերգեյ Լավրովը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության կարգավորման գործում ԵԱՀԿ դերակատարության մասին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am