1000х90.jpg (78 KB)

Մհեր Գրիգորյանը Դիրք Շաթշնայդերին ներկայացրել է Հայաստանում Ազգային վենչուրային ֆոնդի ստեղծման նախագիծը

Armenpress 19:38, 25 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության Արևելյան Եվրոպայի հարցերով բաժնի ղեկավար Դիրք Շաթշնայդերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել երկու երկրների միջև առկա համագործակցությունը և Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման նպատակով դաշնային կառավարության կողմից ցուցաբերվող աջակցությունը։ Մհեր Գրիգորյանը երկրի զարգացման տեսանկյունից կարևորել է նաև գերմանական երկու գործակալությունների` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ՄՀԸ-/GIZ) և Վերականգնման վարկերի բանկի (KfW/ՎՎԲ) գործունեությունը Հայաստանում: Խոսելով երկու գործակալությունների ընթացիկ ծրագրերի մասին՝ փոխվարչապետը հատկապես ընդգծել է էներգետիկայի, ջրի կառավարման և գյուղապահովագրության ոլորտում իրականացվող ծրագրերի կարևորությունը և դրանց շարունակականության ապահովման անհրաժեշտությունը, ինչպես նաև գոհունակությամբ խոսել իրավական խորհրդատվության ծրագրի արդյունավետության մասին:

Փոխվարչապետը ներկայացրել է նաև բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված ձեռնարկատիրության խրախուսման, նորարարությունների և թվային լուծումների վրա հիմնված գաղափարների իրացման նպատակով Ազգային վենչուրային ֆոնդի ստեղծման նախագիծը, որտեղ նույնպես ակնկալվում է գերմանական կողմի հետ համագործակցություն:

Դիրք Շաթշնայդերը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ հանդիպումը լավ առիթ է ևս մեկ անգամ վերանայելու համագործակցության օրակարգը և ուրվագծելու հարաբերությունների հետագա զարգացման հնարավորությունները:

Զրուցակիցները երկուստեք կարևորել են հայ-գերմանական ֆինանսատնտեսական և տեխնիկական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը և անդրադարձել հանձնաժողովի հաջորդ նիստի կազմակերպման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներին՝ ընդգծելով այդ հարթակի ակտիվացման անհրաժեշտությունը: 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am