Տասնյակ հազարավոր հայեր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ցույցեր են անցկացրել Հոլիվուդում և Լոս Անջելեսում

Armenpress 17:23, 25 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տասնյակ հազարավոր հայեր Լոս Անջելեսում՝ Թուրքիայի հյուպատոսարանի առջև, ինչպես նաև Հոլիվուդում ապրիլի 24-ի երեկոյան բողոքի ցույցեր են անցկացրել՝ պահանջելով ճանաչել և դատապարտել պատմական ճշմարտությունը՝ Հայոց ցեղասպանությունը:  Նրանց են միացել նաև ամերիկացիներ, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հավաքվածները կոչով դիմել են ԱՄՆ-ի և Թուրքիայի կառավարություններին՝ 1915-ի դեպքերը որակելու որպես ցեղասպանություն:

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը Հոլիվուդում նշել է, որ շատ հպարտ է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ևս մեկ անգամ հարգելու համար: «104 տարի անց ցավալի է, որ մեր երկիրը դեռ պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ես շարունակելու եմ իմ պայքարը կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևն ընդունելու համար»,-«Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում նշել է նա:

Իսկ Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսարանի դիմաց բողոքի ցույցին ներկա են եղել հոգևոր, քաղաքական ոլորտի ներկայացուցիչներ:

Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետին հանդես է եկել ելույթով՝ նշելով, որ այսօր բոլորը հայեր են, հայ-ամերիկացիներ: Քաղաքապետ նշել է, որ հավաքվել են բարձրաձայնելու համար պատմական իրականությունը: Նա շեշտել է, որ Լոս Անջելեսը հրաշալի հայկական քաղաք է, և իրենք հպարտ են դրանով: «Այս քաղաքը միշտ ճշմարտության կողքին է եղել: Մենք պետք է ճանաչենք 1915-ի դեպքերը, որպեսզի խուսափենք ապագայում դրանց կրկնությունից: Եվ հուսով ենք, որ պատմական ճշմարտությունը մի օր կլսենք մեր երկրի մայրաքաղաքից»,-նշել է քաղաքապետը:

Ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը նշում էր Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցը: Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացվածը  20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Հայ ժողովրդի կոտորածը պաշտոնապես դատապարտել եւ որպես ցեղասպանություն ճանաչել են երկու տասնյակից ավելի երկրներ ու միջազգային կառույցներ:   

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am