Ղազախստանում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ

Armenpress 16:52, 25 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում՝ ռուս ուղղափառ եկեղեցուն պատկանող Սուրբ Ուսպենյան տաճարի տարածքում գտնվող հայկական խաչքարի մոտ ապրիլի 24-ին կատարվեց բարեխոսական կարգ` ի հիշատակ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, կարգն անցկացվեց Աստանայի եկեղեցական շրջանի ղեկավար, Ծայրագույն վարդապետ Սերգի Կարամիշևը (Сергий Карамышев):

Արարողությանը մասնակցում էին Ղազախստանում Հայաստանի դեսպանության անձնակազմը և հայ համայնքի ներկայացուցիչները:

Այնուհետև ներկաները ծաղկեպսակներ և ծաղիկներ դրեցին հայկական խաչքարին: Ղազախստանի մյուս հայ համայնքների, այդ թվում՝ Ալմաթիի, Ակտոբեի, Ակտաուի, Ատըրաուի, Կոկշետաուի ներկայացուցիչները ևս հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am