Մոսկվայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Armenpress 16:36, 25 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու վանական համալիրի տարածքում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի դիմաց ապրիլի 24-ին  տեղի ունեցավ ծաղկեպսակների տեղադրման և ծաղիկների խոնարհման արարողություն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, արարողությանը մասնակցում էին Մոսկվայում աշխատանքային այցով գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, ՌԴ-ում և տարածաշրջանային կառույցներում ՀՀ լիազոր ներկայացուցիչները, հայ համայնքային կառույցների ղեկավարները, դեսպանության անձնակազմն ու բազմաթիվ մոսկվաբնակ հայեր։

Նախարար Տոնոյանն ու դեսպան Տողանյանը՝ ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի ուղեկցությամբ, մասնակցեցին Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում անցկացված մոմավառության արարողությանը։

Ապրիլի 24-ին եկեղեցում կատարվեց նաև Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ։

Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Մոսկվայում և ՌԴ խոշոր քաղաքներում անցկացվեցին հիշատակի բազմաթիվ միջոցառումներ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am