Բելգիայում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ

Armenpress 16:33, 25 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում ապրիլի 24-ին տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից,  Բրյուսելի Սուրբ Մարիամ Մագդաղենացի Հայ առաքելական եկեղեցում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի միջոցառում, որին ներկա էին բելգիահայ համայնքի բազմաթիվ անդամներ, համայնքային կառույցների ղեկավարները, Բելգիայում, ԵՄ-ում և ՆԱՏՕ-ում ՀՀ դիվանագիտական առաքելությունների ղեկավարներն ու դիվանագետները: 

Արարողությանը եկեղեցական երգչախմբի և Ախթամար լարային քառյակի կատարմամբ հնչեցին Կոմիտասի ստեղծագործությունները: Արարողությունից հետո միջոցառման մասնակիցները քայլերթ կատարեցին դեպի Բրյուսելի Հենրի Միշոյի անվան հրապարակ, որտեղ տեղադրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշակոթողը: Տեղի ունեցավ հիշատակի միջոցառում, որին ներկա էին նաև Բելգիայի ֆրանսախոս համայնքի խորհրդարանի նախագահը, Բելգիայի դաշնային և ռեգիոնալ խորհրդարանների տասնյակ ներկայացուցիչներ, տեղական վարչակազմերի ղեկավարներ, Բելգիայի ազգային փոքրամասնությունները ներկայացնող կառույցների ներկայացուցիչներ:

Միջոցառմանը ելույթներով հանդես եկան ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, Բելգիայի օրենսդիր և գործադիր կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչներ, ցեղասպանություն վերապրած ազգերի Բելգիայում գործող կազմակերպությունների ղեկավարներ, հայ համայնքի և եկեղեցական առաջնորդներ: ՀՀ դեսպանն իր խոսքում կարևորեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը և դատապարտմանն ուղղված շարունակական ջանքերը: Դեսպանն ընդգծեց հատկապես թուրքական ագրեսիվ ժխտողականության դեմ պայքարում համատեղ ջանքերի կարևորությունը:

Միջոցառման վերջում տեղի ունեցավ ծաղկեպսակների զետեղման արարողություն: Նույն օրը երեկոյան Բրյուսելի Հայ տանը տեղի ունեցավ հիշատակի համերգ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am