1000х90.jpg (78 KB)

ԱԺ հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը վստահեցնում է` ցեմենտի վերաբերյալ նախագիծը քննարկելու են լսելով տարբեր կողմերի կարծիքները

Armenpress 12:38, 25 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը կստեղծի աշխատանքային խումբ, որը մինչ երկրորդ ընթերցում մանրամասն կքննարկի ներկրվող ցեմենտի համար պետտուրք սահմանելու մասին նախագիծը: Կլսեն ինչպես արտադրողների, այնպես էլ շինարարական ընկերությունների ու տնտեսագետների կարծիքները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱԺ ճեպազրույցում այս մասին ասաց հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:

«Կայանալու է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում ցեմենտի թեմայով աշխատանքային խումբ ստեղծելու հարց է: Աշխատանքային խմբում ներգրավված կլինեն թե տնտեսական հարցերի հանձնաժողովի, թե այլ հանձնաժողովի ներկայացուցիչներ, թե կառավարության ներկայացուցիչներ: Աշխատանքային խմբի քննարկումներին հրավիրելու ենք թե ցեմենտ արտադրող ընկերությունների ներկայացուցիչներին, թե շինարարական ընկերություններին, թե աուդիտորներին ու տնտեսագետներին: Թեկուզ կարճ ժամանակում մինչ երկրորդ ընթերցումը փորձելու ենք բոլոր հարցերի պատասխանները մանրամասն ստանալ»,-ասաց Թունյանը:

Նա նշեց, որ կառավարությունն ի սկզբանե նախագծով առաջարկում էր ցեմենտի և հումքի` կլինկերի վրա պետական տուրք սահմանել: Թունյանը ասաց` քանի որ հստակ հիմնավորումներ չեն լսել ու չեն տեսել դրա ազդեցության գնահատականը, այս պահին ցեմենտի հումքի վրա պետտուրք կիրառելը ոչ նպատակահարմար են համարում: Պատգամավորը նշեց, որ եթե բերվեն պատշաճ հիմնավորումեր, որտեղ հաշվի առնված կլինեն բոլոր արտադրողների շահերը, կմտածեն: Նա նաև վստահեցրեց, որ նախագիծը որևէ մեկի դեմ ուղղված չէ:

ՀՀ Ազգային ժողովն ապրիլի 19-ին առաջին ընթերցմամբ ընդունել է կառավարության կողմից ներկայացված՝ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքում լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթը, որով ցեմենտի մեկ տոննայի ներկրման համար 22 հազար դրամ տուրք է սահմանվում: ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն դեմ էին քվեարկել նախագծին: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները վստահեցնում են, որ օրինագիծը բացարձակապես որևէ կերպով Գագիկ Ծառուկյանի` հավատարմագրման հանձնված բիզնեսին` «ԱրարատՑեմենտ»-ին չի վնասում և Ծառուկյանի հետ կապված խնդիր չկա, այստեղ պոտենցիալ գործազրկության վտանգն է, հնարավոր են աշխատատեղերի կրճատում` հաշվի առնելով կլինկերի ներմուծման դեպքում հնարավոր հետևանքները:

ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել և հավանության էր արժանացել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որով նախատեսվում է տեղական արտադրանքը խրախուսելու նպատակով Իրանից ներկրվող ցեմենտի համար սահմանել պետտուրք: Կառավարության ներկայացրած նախագծով և ցեմենտի, և կլինկերի համար առաջարկվել էր տուրքի նույն չափը: Սակայն նախագծի զեկուցող ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել էր, որ եթե պատգամավորները նպատակահարմար գտնեն մեկի վրա տարածել, մյուսի վրա ոչ, կքննարկեն դա առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում: Արդյունքում հանձնաժողովը նախագիծը հավանության էր արժանացրել՝ միայն ցեմենտի վրա տարածելու տարբերակով՝ 1 տարի ժամկետով: Դրանից հետո «ԱրարատՑեմենտ»-ի շատ աշխատակիցները, աշխատանքից ազատման մասին ծանուցագրեր ստանալով, բողոքի ակցիա էին իրականացնում:  

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am