Մեկնարկել է թատրոնների և համերգասրահների փուլը

Armenpress 12:09, 25 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Dasaran.am  կայքի և E-CULT էջի միջոցով մեկնարկել է աբոնեմենտային ծրագրի թատրոնների և համերգասրահների փուլը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ՀՀ կառավարության ապրիլի 25-ի նիստում հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

«E-cult նախագծի աբոնեմենտային նոր ծրագիրը մեկնարկել է անցած շաբաթ: Այն ենթադրում է շուրջ 300 հազար աշակերտների այցելություններ` թատրոններ և համերգասրահներ: Մինչ այդ մենք տվել էինք պատկերասրահների և թանգարանների հատվածի մեկնարկը: Սա էլեկտրոնային հարթակ է: Հիմա կոչ եմ անում ծնողներին, ծնողական խորհուրդներին, ուսուցիչներին, առավելագույնս խրախուսել, որ աշակերտները գրանցվեն և նաև այցելեն այդ մշակութային հաստատությունները»,- ասաց նախարարը:

Արայիկ Հարությունյանը նշեց, որ անցած 10 օրերի հաշվետվությունը շուտով կներկայացվի, միտումները կտեսնեն, և այն խնդիրները, որոնք կարձանագրվեն, հընթացս լուծումներ կստանան:

E-CULT դպրոցական աբոնեմենտային համակարգը ստեղծվել է ՀՀ կրթության և գիտության և Մշակույթի նախարարությունների համատեղ ջանքերով: Այն հասանելի է Dasaran կրթական հարթակում:

2018 թվականին ծրագրին մասնակցել է ավելի քան 60 հազար աշակերտ և այցելել թանգարաններ ու պատկերասրահ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am