Դադարեցվել են Վանեվան համայնքի ղեկավարի լիազորությունները

Armenpress 10:45, 25 Ապրիլ, 2019

ԳԱՎԱՌ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը, հիմք ընդունելով ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 26-րդ հոդվածի 7-րդ կետը, դադարեցրել է Գեղարքունիքի մարզի Վանեվան համայնքի ղեկավար Նորայր Հարությունյանի լիազորությունները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի ՏԻ եւ ՀԳՄ հարցերով վարչության պետ Վանիկ Հարությունյանը, Վանեվանում վերջին վեց ամսում ավագանու նիստ չի հրավիրվել, իսկ ավագանու հինգ անդամներից երեքը իրենց նախաձեռնությամբ, համաձայն օրենքի պահանջների, անվստահություն են հայտնել համայնքի ղեկավարին, ինչը եւ ընդունվել է ՀՀ կառավարության կողմից: «Գեղարքունիքի մարզպետի համապատասխան որոշմամբ Վանեվան համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արամ Հարությունյանը, ով պետական կառավարման մարմիններում աշխատանքային երկարամյա փորձ ունի: Առաջիկայում Վանեվանում հայտնի կլինի համայնքի ղեկավարի ընտրության օրը»,- ընդգծեց Վանիկ Հարությունյանը: Նորայր Հարությունյանը Վանեվան համայնքը ղեկավարում էր 1996 թվականից:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am