Թուրք ոստիկաններն արգելել են Սուլթանահմեթ հրապարակում Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ոստիկանությունը Ստամբուլի Սուլթանահմեթ հրապարակում երկրորդ տարին անընդմեջ արգելել է Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառման անցկացումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Bianet.org-ը:
Միջոցառման անցկացումը թույլ տալու վերաբերյալ Մարդու իրավունքների ընկերության համանախագահ Էրեն Քեսքինի բանակցությունները ոստիկանության հետ ապարդյուն են անցել: Արդյունքում ներկաները ստիպված են եղել հավաքվել Բեյօղլու թաղամասում Մարդու իրավունքների ընկերության գրասենյակի առջև: Քեքսինը նշել է, որ իրենք խստորեն դատապարտում են միջոցառման անցկացման դեմ իրավապահ համակարգի գործողությունները:
Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ, մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը նշել է, որ Սուլթանահմեթի հրապարակում նախատեսված միջոցառման չեղարկումը Թուրքիայում ժողովրդավարության նահանջի հերթական ապացույցն է:
«Տարիներ շարունակ եղել է կամք՝ առերեսվելու 104 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանությունը: Այդուհանդերձ, նրանք հետքայլ են արել առերեսման կամքից: Ես իսկապես ցավում եմ: Ցանկացած հանցանք, որը դատապարտված չէ, կրկնվում է, և, ցավոք, այս հանցանքը ևս այսօր կրկնություն է ստանում: Այն բռնությունները, որոնք 104 տարի առաջ գործադրվել են հայերի նկատմամբ, այսօր իրականացվում են ընդդեմ քրդերի»,- ասել է Փայլանը: Նա պահանջել է առերեսվել պատմական իրողությանը՝ խոստանալով շարունակել պայքարը հանուն իրավունքների ու օրենքների պաշտպանության:
Սուլթանահմեթի հրապարակում նախատեսված միջոցառումը կազմակերպել էին Ստամբուլի Մարդու իրավունքների ընկերությունը ու Ռասիզիմի և խտրականության դեմ պայքարի հանձնաժողով:
Նախորդ տարի ևս Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումն իրավապահների կողմից չեղյալ էր համարվել: Ավելին, որոշ մասնակիցների ձեռքից խլվել էին «ցեղասպանություն» եզրույթը պարունակող պաստառները: