1000х90.jpg (78 KB)

Մեր անցյալի և ներկայի իրավունքները պաշտպանելու ճիշտ ճանապարհ ենք ընտրել. Գագիկ Հարությունյան

Armenpress 14:46, 24 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ «մենք մեր անցյալի և ներկայի իրավունքները պաշտպանելու ճիշտ ճանապարհ ենք ընտրել»: Նա առանձնացրեց Իրավաբանների համահայկական խորհրդաժողովի շրջանակում ձևավորված իրավաբանների խմբի աշխատանքը, որն ուղղված է ցեղասպանության իրավական խնդիրների վերլուծությանը:

«Բավական լուրջ հետազոտություններ են արվել, տեսնենք, թե առաջիկայում դրանք ինչպես կարելի է օգտագործել: Խնդիրն այն է, թե մենք այսօր ինչ քայլեր պետք է անենք, որ ավելի արդյունավետ լինի: Իմ կարծիքով, այս տեսանկյունից շատ կարևորվում է իրավական մոտեցումների խնդիրը, որն ունի շատ ծալքեր: Ամբողջ տարի իրավաբանների խումբն այս ուղղությամբ լուրջ աշխատանքներ է տարել և հիմա էլ դրանք շարունակվում են, հասկանալու համար, թե ինչպես և ինչ ճանապարհներով կարելի է ցեղասպանության իրավական ասպեկտները բարձրացնել, թե ինչ ուղղությամբ ու ինչպիսի հարցադրումներ պետք է կատարել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Գագիկ Հարությունյանը:

Նրա խոսքով, այդ իրավական փաթեթի իրականացումն առնչվում է շատ խնդիրների հետ, նաև արխիվային ուսումնասիրությունների, փաստերի: Գագիկ Հարությունյանն ընդգծեց, որ իրավունքն էմոցիա չի սիրում, պետք է հստակ փաստեր լինեն:

«Խնդիրն այն է, թե ինչ փաստաթղթեր, հիմնավորումներ կան և ինչպես կարելի է բարձրացնել հարցը, ով է իրավահաջորդը, որ հնարավոր հետագա լուծումները կանխատեսելի լինեն, որովհետև ցանկացած քայլ, որ կարող է բերել ձախողման, կարող է վտանգավոր նախադեպ լինել: Այստեղ պետք է զգույշ գործել»,- հավելեց նա:

Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցը: Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայ բնակչության կոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում: 

Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձևերով և բազմաթիվ նահանգների ու միջազգային կազմակերպությունների որոշումներով: 1915թ. Օսմանյան կայսրությունում հայ բնակչության մասսայական կոտորածները որպես նախապես ծրագրավորված ու ամբողջությամբ իրագործված ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ամբողջական շարքը հսկայական է:

Հայոց ցեղասպանությունն ընդունել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային միությունը, Հարավային Ամերիկայի խոշորագույն կազմակերպություններից մեկի` ՄԵՐԿՈՍՈւՐ-ի խորհրդարանը և այլն: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շատ պետություններ. առաջինը պաշտոնապես ընդունել է Ուրուգվայը 1965 թ.: Հայ ժողովրդի կոտորածը պաշտոնապես դատապարտել և ճանաչել են որպես ցեղասպանություն` ըստ միջազգային իրավունքի, հետևյալ երկրները` Ֆրանսիա, Իտալիա, Բելգիա, Նիդեռլանդներ, Շվեյցարիա, Շվեդիա, Ռուսաստան, Լեհաստան, Լիտվա, Հունաստան, Սլովակիա, Կիպրոս, Լիբանան, Ուրուգվայ, Պարագվայ, Արգենտինա (2 օրենք, 5 բանաձև), Վենեսուելա, Չիլի, Բոլիվիա, Կանադա, Վատիկան, Ավստրիա, Լյուքսեմբուրգ, Գերմանիա, Բրազիլիա, Դանիա, Չեխիա, Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգը, ԱՄՆ 50 նահանգներից 49-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am