1000х90.jpg (78 KB)

Ֆրանսահայ դպրոցականները հյուրընկալվել են Սեւան քաղաքի իրենց հասակակիցներին

Armenpress 14:32, 24 Ապրիլ, 2019

ԳԱՎԱՌ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեւան քաղաքի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցու գործարկումը, որը տեղի ունեցավ 2015 թվականին ֆրանսահայ բարերար Սարգիս Բեդոյանի բարերարությամբ, միաժամանակ դարձավ կապող կամուրջ, որն արդեն 4-րդ տարին ֆրանսահայ պատանիներին եւ աղջիկներին բերում է Սեւան` հայրենաճանաչության եւ քրիստոնեական արժեքների սերմանման վայրերից մեկը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը, 2015 թվականին Սեւանում իր դռները բացեց Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցին: Եկեղեցական կոչումով սարկավագ Սարգիս Բեդոյանը, լինելով ցեղասպանությունից փրկված մարդկանց ժառանգը, ցանկացավ հայրենիքում եկեղեցի կառուցել` ի հիշատակ իր ծնողների, եւ վայրն էլ ընտրվեց Սեւանը:

«Եկեղեցին դարձել է ոչ միայն Սեւանի ճարտարապետական դիմագծի կարեւորագույն մասը, այլ նաեւ ունի անփոխարինելի դեր հոգեւոր դաստիարակության, ազգային արժեքների վերագնահատման ճանապարհին: Այս տարի էլ Փարիզի Դպրոցասեր ու Մարսելի Համազգային դպրոցների սաները գարնանային 10 օրը, Սարգիս Բեդոյանի գլխավորությամբ, Փարիզի հայկական դպրոցի տնօրենի եւ Մարսելի Համազգայինի 3 ուսուցիչների ուղեկցությամբ, անցկացնում են Հայաստանում, եւ նրանց այցի հասցեներից մեկը Սեւանն էր: Սեւանա թերակղզում շրջելուց հետո ֆրանսահայ դպրոցականները այցելեցին Սեւան քաղաք:

«Բոհեմ» արվեստանոց-թեյարանում, հաճելի մթնոլորտում, Հայաստանից շատ հեռու ապրող երեխաները շփվեցին իրենց հասակակից հայ երեխաների հետ, ովքեր անդամագրվել են ֆրանկոֆոն ընտանիքին: Հանդիպումը երկուստեք օգտակար էր եւ սպասված: Չկար լեզվական պատնեշ, հայ եւ ֆրանսիացի դպրոցականներն էլ կարողացան մտերմանալ երգերի շնորհիվ, որոնք հնչում էին երկու լեզուներով: Չնայած կարճ ժամանակահատվածին` հասցրին մտերմանալ, փոխանակել անհրաժեշտ տեղեկատվություն, իսկ ֆրանսահայ երեխաները սեւանցի իրենց հասակակիցների միջոցով հայրենաճանաչության դասեր առան: Կողք կողքի հնչում էին հայերենն ու ֆրանսերենը, ամենազոր երաժշտության միջոցով ասելիքն ու ցանկությունները դարձնում պարզ ու հասկանալի: Օրվա շարունակությունը Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում էր, որտեղ մատուցվեց պատարագ: Պատարագիչներից էր նաեւ սարկավագ Սարգիս Բեդոյանը, ով իր շուրջն էր համախմբել նաեւ երեխաներին: Սարգիս Բեդոյանի բարեսիրական հերթական ծրագրերից է սա, որը ֆրանսիայից հայկական արմատներով երեխաներին հայրենիքի հետ ծանոթանալու, հայրենաճանաչության լավագույն հնարավորությունն է ընձեռում»,-պատմեց Արմինե Ղուկասյանը:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am