1000х90.jpg (78 KB)

Գեղարքունիքի մարզի համայնքներում հարգանքի տուրք է մատուցվում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Armenpress 13:44, 24 Ապրիլ, 2019

ԳԱՎԱՌ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի 24-ին Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառում հարգանքի տուրք մատուցվեց Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ Հայոց ցեղասպանույան զոհերի հուշարձանին ծաղկեպսակ դրեցին եւ ծաղիկներ խոնարհեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, Գեղարքունիքի մարզպետարանի եւ Գավառի քաղաքապետարանի աշխատակազմերի, մարզային եւ քաղաքային ենթակայության հիմնարկների, կրթամշակութային եւ առողջապահական հաստատությունների, իրավապահ համակարգի աշխատակիցներ, Արցախյան ազատամարտի եւ Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներ, դպրոցականներ, անհատ քաղաքացիներ:

«Հերթական անգամ մենք հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին ու դրանով աշխարհին ցույց տալիս, որ մեր ազգի կյանքում մեծագույն ողբերգություն է տեղի ունեցել, եւ այս հարգանքի տուրքով մենք ազդարարում ենք աշխարհին, որ ոչ մի երկիր մյուսների հանդեպ այդպիսի ոճրագործություն թույլ տալու իրավունք այլեւս չունի: Մենք վերագտել ենք մեր ուժը եւ մեր ստեղծագործ աշխատանքով շենացնում ու հզորացնում ենք մեր հայրենիքը՝ դրանով իսկ ամոքելով անցյալից մնացած վերքերը»,- արարողության մասնակիցներին դիմեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

Ծաղկեդրման արարողությունից հետո Գեղարքունյաց թեմի առաջնորդանիստ Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի կողմից մատուցվեց Բարեխոսության կարգ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների: Հարգանքի տուրք մատուցվեց նաեւ մոմավառությամբ:

«104 տարի անցավ մեր ազգային ողբերգությունից, երբ 1,5 միլիոն հայ մարդիկ զոհ գնացին մի դիվային ծրագրի, որով նախատեսվում էր թողնել մեկ հայ, այն էլ՝ թանգարանի համար: Այսօր մեր մխիթարությունն է, որ Հոգեհանգստյան կարգի փոխարեն մատուցում ենք Բարեխոսության կարգ: Սրբադասված նահատակները մեզանից յուրաքանչյուրի հարազատներն են կամ արյունակիցները: Այսօր մենք մեր աղոթքն ենք բարձրացնում մեր հարազատ Սրբերին, որպեսզի նրանք բարեխոսեն Տիրոջը՝ մեր երկիրը շեն, նորոգ ու խաղաղ պահելու համար: Մենք ուժեղ ենք մեր հավատով, եւ այդ ուժը մեզ հնարավորություն է տալիս՝ շարունակել մեր կյանքը այս երկրի, այս հող ու ջրի վրա, հանուն մեր ժողովրդի բարեկեցության», -նշեց Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանը:

Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակի օրվա առթիվ Գավառ քաղաքի Լ. Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանները ներկայացրին Համաստեղի «Կարոտ» ստեղծագործությունը: Այնուհետև Գավառի քաղաքային գրադարանում տեղի ունեցավ գրական- երաժշտական հուշ- ցերեկույթ: Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակի օրվա առթիվ մոմավառություն եւ ոգեկոչման միջոցառումներ տեղի ունեցան նաեւ մարզի մյուս քաղաքային եւ գյուղական համայնքներում:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am