Դավիթ Սանասարյանն իր հետ կապված քրեական գործի վերաբերյալ կխոսի նախաքննության ավարտին

Armenpress 13:15, 24 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը, ում լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են, իր հետ կապված քրեական գործի վերաբերյալ կխոսի, երբ նախաքննությունը կավարտվի:

«Ես հիմա չեմ ցանկանում այս մասին խոսել: Երբ նախաքննությունը կավարտվի, ասուլիս կհրավիրեմ և մանրամասն կներկայացնեմ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Դավիթ Սանասարյանը:

Լրագրողները հետաքրքրվեցին նրա առաջիկա անելիքներից: Դավիթ Սանասարյանը նշեց,  որ շարունակելու է մնալ Հայաստանում:

«Ես ապրելու եմ Հայաստանում, պայքարելու եմ հանուն ուժեղ Հայաստանի, որևէ անգամ չեմ մտածելու այլ երկրներում հանգիստ գտնելու մասին: Վստահ եմ, որ մեր երկիրը դառնալու է շատ ուժեղ: Ինձ համար կարևոր է, որ ճանաչվի ՀՀ քաղաքացու իրավունքը սեփական երկրում, որ քաղաքացին վստահ զգա սեփական երկրում, որ Հայաստանում բոլորը լինեն հավասար, արտոնյալներ չլինեն: Հեղափոխությունից հետո այդ քաղաքական գիծը տարվել է և տարվում է»,-ասաց նա:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե շաբաթ օրը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ինչ են քննարկել, Դավիթ Սանասարյանը նշեց, որ չի ցանկանում այդ մասին խոսել:

«Ես երբևէ պաշտոնի համար որևէ գործողություն չեմ արել, ու առաջիկայում էլ նույն սկզբունքով եմ առաջնորդվելու: Իմ գործողությունը հանուն Հայաստանի է»,-ասաց նա:

Դավիթ Սանասարյանն անդրադարձավ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին գրառմանը: Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Դավիթն իր ընկերն է, բայց Հայաստանում անձեռնմխելի մարդիկ չկան, ընդդիմադիր լինի թե իշխանավոր, հեղափոխական լինի, թե հակահեղափոխական:

«Վարչապետի այդ հայտարարությունն ուղղված է բոլորին»,-ասաց Դավիթ Սանասարյանը:

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը 2019 թվականի ապրիլի 18-ին Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի համաձայնությամբ քննիչի կողմից 18.04.2019թ. որոշում է կայացվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին: Դավիթ Սանասարյանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ Դավիթ Սանասարյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը դադարեցնելու վերաբերյալ: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am