Լոս Անջելեսի միացյալ դպրոցական շրջանը մտադիր է ապրիլի 24-ին չեղարկել դպրոցական դասերը  

Armenpress 13:13, 24 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելեսի միացյալ դպրոցական շրջանը (LAUSD), որը երկրում գործող երկրորդ խոշորագույն հանրակրթական դպրոցական համակարգն է, մտադիր է հատուկ հիշատակի կարգ սահմանել Հայոց ցեղասպանության տարելիցներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ նպատակով կառույցի խորհուրդը մտադիր է ապրիլի 24-ը ճանաչել որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր և այդ օրը փակել Լոս Անջելեսի հանրակրթական դպրոցները:

LAUSD-ի խորհրդի անդամ Քելի Գոնեսի առաջարկով նախատեսվում է 2021-2022 թվականների ուսումնական տարվանից սկսած ապրիլի 24-ին չեղարկել դասերը Լոս Անջելեսի հանրակրթական դպրոցներում:

Գոնեսի առաջարկում նշվում է նաև, որ ապրիլի 24-ին, որը պատմական օր է հայ աշակերտների ու նրանց ընտանիքների համար, սովորաբար դպրոցներում դասերից բացակայության մակարդակը բարձր է, քանի որ շատերն իրենց ընտանիքների հետ մասնակցում են Հայոց ցեղասպանությանը նվիրված երթերի ու այլ միջոցառումների: Առաջարկը նաև կոչ է անում LAUSD-ին հետևել, որպեսզի դպրոցներում ուսուցիչները Հայոց ցեղասպանության մասին ճիշտ դասավանդեն:

LAUSD-ի խորհուրդը հավանություն է տվել առաջարկին և դիմել է խորհրդի ղեկավարին՝ այն կյանքի կոչելու ծրագիր մշակելու համար:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am