Հրայր Թովմասյանի համոզմամբ, պատասխանը Թուրքիային պետք է լինի հզոր, կայուն, ուժեղ պետություն կառուցելը

Armenpress 11:09, 24 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ պատասխանը Թուրքիային պետք է լինի այն, որ հայ ժողովուրդը կառուցի հզոր, կայուն, ուժեղ պետություն: 

«Ինձ համար Հայոց ցեղասպանության 100-ամյակից հետո ապրիլի 24-ի խորհուրդը փոխվել է: Եթե մինչև դա ինձ համար սգո օր էր, ապա 100-ամյակից հետո, երբ սրբադասվեցին ցեղասպանության բոլոր զոհերը, ինձ համար այս օրը վերածվեց ապրելու, արարելու օրվա: Մեր յուրաքանչյուրի անելիքը, ըստ էության, դա է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Հրայր Թովմասյանը:

Հրայր Թովմասյանը նկատեց, որ ինքը ցեղասպանությունից փրկված մարդկանց սերունդ է: Եվ ամենամեծ կորուստն այն է համարում, որ հզոր պետություն չենք կարողացել կառուցել:

«Այս տարածքում պետք է հզոր պետություն ունենայինք՝ աշխարհի հետ հավասարը հավասարին քայլող: Դա ամենամեծ կորուստն է, որն ամեն գնով պետք է վերականգնել»,-ասաց Հրայր Թովմասյանը:

Ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցը: Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացվածը  20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Հայ ժողովրդի կոտորածը պաշտոնապես դատապարտել եւ որպես ցեղասպանություն ճանաչել են երկու տասնյակից ավելի երկրներ ու միջազգային կառույցներ:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am